«Եթե կա ուժեղ կամք, պրոֆեսիոնալիզմ,
հայրենասիրություն, ազգային ոգով դաստիարակված երիտասարդ սերունդ, ապա ոչ մի ուժ չի
կարող դիմակայել այս մարդկանց։ Ո՛չ 7, 6, 8, 9, 10 պաշտպանական գծերը, ո՛չ հայկական
բանակի աշխարհագրական առավելությունը, քանի որ նրանք տեղակայված էին բոլոր բարձունքներում,
ո՛չ խոշոր տերությունները, ո՛չ Հայաստանը զինող և բարոյական և ֆիզիկական օգնություն
ցուցաբերող պետությունները։ Ոչ ոք»։
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիևը օկուպացված Ստեփանակերտում, այսպես կոչված «Ղարաբաղի համալսարանի» դասախոսների
և ուսանողների հետ հանդիպմանը։
Այստեղ Ալիևը երկու կարևոր փաստ է արձանագրել՝ «Եթե կա ուժեղ կամք, պրոֆեսիոնալիզմ,
հայրենասիրություն, ազգային ոգով դաստիարակված երիտասարդ սերունդ, ապա ոչ մի ուժ չի
կարող դիմակայել այս մարդկանց»։ Իրապես դա այդպես է և այդպես էր 30 տարի շարունակ։
Հենց այս սկզբունքով հայրենիք էինք պահում՝ կար պետական կամք, պրոֆեսիոնալ զինվորական
անձնակազմ և մի մարդ չէր կառավարում ամեն ինչ։ Հայրենասիրություն կար բնակչության
բոլոր օղակներում, Սփյուռքում։ Հայաստանը թերևս միակ երկիրն էր, որ պատերազմի
ժամանակ երկիրը ոչ թե լքում էին, այլ՝ վերադառնում։ Ազգային ոգով դաստիրակված սերունդն
էր, որ Ապրիլյան պատերազմի օրերին մեկ բռունցք դարձավ և այլն։ Ճիշտ է Ալիևը․ եթե այս
ամենը շարունակվեր պահպանվել, ապա կշարունակեինք անպարտելի մնալ։ Ամեն ինչ քայքայվել
է հենց առաջին օղակից՝ պետական կամքից, որը նաև խարխլեց պրոֆեսիոնալիզմը՝ անհատականություններից
ստանալով ընդհանրական ինչ-որ միավոր, որոնք հեշտ էին կառավարվում։ Պետք է հիշել, որ
90-ականների հաղթանակները շատ դեպքերում կերտվեցին, հենց չենթարկվողների ձեռքով։
Հենց առաջին օղակն էր, որ փոխեց հայրենասիրության մոդելը՝ առաջ քաշեց սեփականը
և հիմա դեռ շարունակում է։ Ազգային ոգին դեռ կա՝
եղած դիմադրությունը հենց դրա ապացույցն է։ Մի օր այն թափ է առնելու՝ փոխելով
բոլորը խանգարող հանգամանքները, պատճառները և անձերին, և այդ ժամանակ, իրապես, ոչինչ
չի կարող խանգարել, նոր հաղթանակի կերտմանը։
Ալիևի երկրորդ արձանագրումն ուղղված է ՀՀ իշխանության ներկայացուցիչներին և նրանց
հավատացող ՀՀ քաղաքացիներին․ «ո՛չ հայկական բանակի աշխարհագրական առավելությունը, քանի
որ նրանք տեղակայված էին բոլոր բարձունքներում, ո՛չ խոշոր տերությունները, ո՛չ Հայաստանը
զինող և բարոյական և ֆիզիկական օգնություն ցուցաբերող պետությունները»։
Ալիևն իր բերանով է ասում, որ ՀՀ բանակն
ունենցել է աշխարհագրական առավելություններ և խոշոր տերությունների աջակցություն։ Այդ
տերությունների աջակցությունը ևս ոչնչացվեց իշխանության կողմից, իսկ աշխարհագրական
առավելությունները մաս-մաս զիջվել և զիջվում են «սահմանազատում, սահմանագծում, խաղաղության
պայմանագիր» կոչվող գործընթացների արդյունքում։ Քաղաքացիները, հավանաբար մտաբերում
են այն օրերը, երբ ՀՀ իշխանությունն ասում էր, թե բանակը 30 տարի չենք զինել, չենք
կահավորել պաշտպանական բնագծերը, զենք չենք առել։ Հետագայում Արցախի հայաթափման օրերին,
նույնիսկ 44 օրյա պատերազմից հետո զենքը չէր վերջացել և նվիրվեց թշնամուն։ Ալիևը մաս-մաս
պատմում է իրողությունը։









