Foto

Ի՞նչ չանել, որպեսզի հետո, ստիպված, ջայլամի քաղաքականություն չվարել

ՀԱՊԿ-ից ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Փաշինյանի հայտարարությունները հակասում են ողջախոհությանը։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ այդ կառույցը սպառնալիքներ է ստեղծել ՀՀ ինքնիշխանության համար: Սրան զուգահեռ էլ հայտարարեց, որ ՀՀ պատրաստվում է պահպանել հարաբերություները ՌԴ-ի հետ։

Առնվազն քաղաքականապես անգրագետ պետք է լինել՝ չհասկանալու կամ չընկալելու համար, որ ՀԱՊԿ-ն, ըստ էության, նույն ՌԴ-ն է։ Բացի այդ, երբ պետության ղեկավար մարմինը հայտարարում է, որ ինչ-որ կազմակերպություն կամ պետություն սպառնում է իր երկրի անվտանգությանը, ապա դրա համար առնվազն պետք է լուրջ հիմնավորումներ և ապացույցներ ներկայացնի, որ հետո այդ կառույցի կամ երկրի ցանկացած պաշտոնյա իր պատքը չհամարի մյուս երկրի ղեկավարի խոսքը հերքել՝ կամայական  բառապաշարով։ Նկատենք, որ Փաշինյանի հայտարարությանն արագ արձագանքեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը․ «ՀԱՊԿ-ը չի սպառնում Հայաստանին»: Ընդհակառակը, նրա խոսքով, կազմակերպությունը պաշտպանում է անդամ երկրների ինքնիշխանությունը։ Պեսկովը նաև նշել էր, որ իրենք համբերատար այս դիրքորոշումը կհասցենեն ՀՀ ղեկավարությանը։ Հիմա այդ գործընթացն է՝ այսօր Զախարովան է դա հացնում, արդեն այդ մասին մի քանի անգամ խոսել են ՌԴ տարբեր պատգամավորներ և կառույցների ղեկավարներ։ Այս հայտարարություններին ՀՀ որևէ պետական կառույց կամ պաշտոնյա չի արձագանքել, Զախարովայի հայտարարությունն էլ է մնալու անարձագանք, քանի որ բովանդակային պատասխան գոյություն չունի։

Այս լռությունը ևս նրա մասին է, որ չի կարելի անել արտահայտություններ՝ ինչ-որ դիվիդենտներ գրանցելու համար, եթե գիտես, որ հաջորդ քայլը ջայլամի քաղաքականությունն է։

Ընդ որում ՀԱՊԿ-ից սպառնալիք է տեսնում մի մարդ, որ նախորդ տարի այս օրերին՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի, էթնիկ զտման քաղաքականության պայմաններում հայտարարում էր, որ Արցախի բնակչության կյանքին վտանգ չի սպառնում։  

Հեղինակ: Աննա Ավետիսյան