Foto

Սիսիան-Տաթև ճանապարհին բեռնատար է շրջվել․ տուժածներ կան

Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդներ՝ Մ․ Մ․ Ն․, ծնված 1982 թ. և Հ․ Հ․ Բ․, ծնված 1984 թ.) կողաշրջվել է․ վարորդներն արգելափակվել են ուղեխցիկում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և վարորդներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն: