Ջոնս Հոփքինսի կենտրոնի հրազենային բռնության լուծման նոր զեկույցն ընդգծում է Միացյալ Նահանգներում հրազենից մահացությունների շարունակական համաճարակը, ներառյալ երեխաների և հատկապես սևամորթ երիտասարդների շրջանում:
«Միացյալ Նահանգներում 2022 թվականին հրազենի կիրառմամբ բռնությունը. բեռի ուսումնասիրությունը երեխաների և դեռահասների շրջանում» զեկույցը գնահատում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վերջին տվյալները, որոնցում ընդգծվում է, որ 2022 թվականին Միացյալ Նահանգներում հրազենից մահացել է 48 հազար 204 մարդ, ինչը երկրորդ ռեկորդային բարձր ցուցանիշն է՝ ներառյալ երկրի համար ռեկորդային 27 հազար 32 ինքնասպանության ցուցանիշը։
Այս տարի տարեկան զեկույցը կենտրոնանում է 1-17 տարեկան երեխաների շրջանում հրազենային մահերի վրա: Միացյալ Նահանգներում 2013 թվականից ի վեր այս տարիքային խմբում հրազենից մահացության դեպքերն աճել են 106%-ով, իսկ 2020 թվականից ի վեր դարձել են այս տարիքային խմբի մահացության հիմնական պատճառը:
Զեկույցը միաժամանակ ցույց է տալիս հրազենային մահերի անհամաչափ ազդեցությունը սևամորթ երեխաների և դեռահասների վրա: 2022 թվականին 1-17 տարեկան տարիքային խմբում սևամորթ երեխաների և դեռահասների շրջանում հրազենային մահերը 18 անգամ ավելի շատ էին, քան նույն տարիքային խմբի սպիտակամորթ երեխաների շրջանում։ Սևամորթ երեխաների և դեռահասների շրջանում հրազենային սպանությունների մակարդակը 2021-2022 թվականներին աճել է 5,6%-ով:
Ինքնասպանության մակարդակը սևամորթ դեռահասների և 15-19 տարեկան երիտասարդների շրջանում կտրուկ աճել է՝ տարեկան 24 տոկոսով, և առաջին անգամ գերազանցել է հրազենային ինքնասպանության մակարդակն այդ տարիքային դիապազոնի սպիտակամորթ դեռահասների շրջանում: