Հայաստանը
մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի, ինչպես նաև ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովներին։
Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն է հաստատել տեղեկությունը։ Ռուսաստանի նախագահի
մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե Հաղթանակի 80-ամյակի
կապակցությամբ մայիսին Մոսկվայում կայանալիք շքերթի նախօրեին ծրագրվում է ԱՊՀ ոչ
պաշտոնական գագաթնաժողով անցկացնել։
ԲՐԻԿՍ-ի
գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։ Սա միջազգային հարթակ է,
որի անդամ պետությունների ղեկավարները հավաքվում են տարեկան գագաթնաժողովներին և
քննարկում են գլոբալ հիմնահարցերն ու փոխադարձ համագործակցությունը:
Տևական
ժամանակ ՀՀ իշխանությունները հնարավորինս հեռու էին մնում ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի
միջոցառումներից, հարկադրված մասնակցում ԵԱՏՄ գագաթնաժողովներին։ Վերջին
շաբաթներին իրավիճակը, կարծես, փոխվել է, փաշինյանական իշխանությունն էլ
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղի է ընտրել։
Պատահական
չէ, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ռուսաստանն
ակնկալում է, որ Երևանը կվերսկսի լիարժեքորեն մասնակցել ՀԱՊԿ գործունեությանը։ «Ակնկալում ենք, որ Հայաստանի և
ողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով՝ ՀԱՊԿ-ում մեր
գործընկերությունը Հայաստանի հետ ամբողջությամբ կվերսկսվի»,-
այսօր Վլադիվոստոկում՝ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված
ասուլիսի ժամանակ նշել է Զախարովան։
Նրա
խոսքով, - «Երևանը
դե յուրե շարունակում է դաշինքի լիիրավ անդամ մնալ՝ պահպանելով բոլոր համապատասխան
իրավունքներն ու պարտականությունները»։
«Այժմ,
սակայն, Հայաստանի ղեկավարությունն այդ համագործակցությունից հեռանալու
քաղաքականություն է որդեգրել։ Դա, մեր կարծիքով, հակասում է հայ ժողովրդի շահերին», - ասել է
Զախարովան։