Եկող
շաբաթ մեկնարկում է Ազգային ժողովի ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը: Խորհրդարանական խմբակցություններն ակտիվորեն պատրաստվում են նստաշրջանին՝ հաշվի
առնելով, որ թեժ քաղաքական գործընթացներ են սպասվում։ Ընդդիմադիր «Հայաստան»
խմբակցությունը մեծ հավաք է արել, որին մասնակցել է նաև երրորդ նախագահ Ռոբերտ
Քոչարյանը։ Քննարկել են նստաշրջանի ժամանակ անելիքները, իշխանության դեմ պայքարի
մեթոդները։ «Պատիվ ունեմ» խմբակցությունն էլ է հավաք անցկացրել, որի մասին
հաղորդագրություն չեն տարածել։
Շաբաթավերջին
էլ Նիկոլ Փաշինյանն է հավաքելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը,
հանձնարարություններ է տալու։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանին սկսել է
նյարդայնացնել խմբակցության մեծ մասի պասիվությունը. լավագույն դեպքում միայն նրա
ֆեյսբուքյան գրառումներն են տարածում, աշխատում են բանավեճերի մեջ չմտնել,
ընդդիմության հետ հարաբերությունները չփչացնել։ Խմբակցության ղեկավարությունը
մանրամասն զեկույց է պատրաստել, թե ով ինչպես է աշխատել նախորդ նստաշրջանում և
ամռան ամիսներին, ինչ է արել, ինչպես է կողքից հետևել քաղաքական զարգացումներին։
ՔՊ
խմբակցության նիստին Փաշինյանը մտադիր է մեկ առ մեկ անդրադառնալ պասիվներին, կոշտ
զգուշացումներ անել, ասել, որ կարող են կորցնել իրենց մանդատը՝ նույն կերպ
շարունակելու դեպքում։ Փաշինյանը նաև հանձնարարություններ է տալու, թե ինչպես
պահեն ընդդիմության հետ հարաբերություններում, կոշտացնեն հռետորաբանությունը, հարկ
եղած դեպքում էլ ազատություն տան ձեռքերին ու ոտքերին։