Ուստի մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը Արցախի ազատության, հայ ժողովրդի միասնության հիմնարար գաղափարին, խստորեն դատապարտում ենք ՀՀ գործող վարչախմբի՝ Արցախից հրաժարվելու և այն ՀՀ ինքնիշխանությանը հակադրելու ստահոդ քաղաքականությունը: Այդ մասին ասվում է «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհրդի հայտարարությունում:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
33 տարի առաջ այս օրը իր հայրենիքում արժանապատիվ ապրելու համար պայքարող Արցախի ժողովրդի ընտրյալ պատգամավորները հռչակեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Արցախի ժողովրդի ազատության պայքարի վերջնանպատակը եղել և մնում է վերամիավորումը Մայր հայրենիքի հետ․ ԼՂՀ անկախության հռչակագրում տեղ է գտել հայ ժողովրդի միասնության ձգտումը՝ որպես տրամաբանական շարունակություն ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ․ դեկտեմբերի 1-ի՝ ՀԽՍՀ-ի և Արցախի վերամիավորման մասին համատեղ պատմական որոշման։
Արցախի ազատության ու Մայր հայրենիքին միանալու գաղափարը դրվել է նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրա-իրավական հիմքերում։ Հայ ժողովրդի համար անկախ պետականություն ունենալու նպատակներից մեկն էլ եղել է նշված գաղափարի կենսագործումը, ինչն իր արտացոլումն է գտել ՀՀ Անկախության հռչակագրում։
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է ի պաշտպանություն այդ կենսական գաղափարի։









