Foto

Դեպի Եվրոպա՝ ուկրաինացման հեռանկարով

Վերջին շրջանում իշխանական զանազան քարոզիչներ ու «փորձագետներ»՝ հանրայիններով ու սիվիկներով տոտալ քարոզ են տանում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության, դեպի եվրոպական ընտանիք ինտեգրվելու և նմանատիպ տարբեր զարմանահրաշ թեմաների վերաբերյալ։ Առաջին հայացքից թվում է, թե լրիվ առողջ օրակարգ է և Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության ֆոնին լրիվ տրամաբանական պնդումներ են։

Փաշինյանը, դեռևս իշխանազավթումից առաջ, հայտարարում էր, թե «ՀՀ արտաքին ուղղվածության վեկտորի փոփոխությունը բացառվում է», սակայն, ինչպես մշտապես հանդիպում ենք վերջինիս դեպքում, սա նրա կողմից տիրաժավորված հերթական կեղծ թեզն էր։ Հիմա Փաշինյանն ինքնամոռաց փորձում է ամբողջովին տրվել Արևմուտքին, այլ հարց է, որ Արևմուտքը չի շտապում օգտագործել նրան։ Փաշինյանն օրակարգում ունի Սահմանադրական հանրաքվեի թեմա ու փորձում է աստիճանաբար այն բերել առաջին պլան։ Ամենայն հավանականությամբ ԵՄ «գնալու» այս թեզը կդրվի Սահմանադրական հանրաքվեի հիմքում, և ժողովրդին հերթական անգամ կմանիպուլացնեն, թե՝ «գիտեք գնում ենք Եվրոպա», «հանրաքվեն պիտի անենք, որ վիզաների հարցը դառնա հեշտ»։ Ու, ըստ ամենայնի, սա լինելու է աշխատող տարբերակ և մարզերում լուրջ աջակցություն է ունենալու։ Մարդիկ, Եվրոպա մեկնելու մոլուցքով, գնալու են և «այո» ասեն Սահմանադրությանը։ Սա Նիկոլի համար «ջոկեր» է, որը նա խաղարկելու է։

Հարցն այստեղ այն է, որ Եվրոպան չի ցանկանում, որ Հայաստանի նման մեկը, հերթական անգամ փաթաթվի իր վզին։ Մի փոքր հիշեցում կապված Ուկրայինայի ու Վրաստանի մասով, որոնք 10 տարուց ավելի «թեմայի մեջ» են ու այնտեղ բոլորն իրենց, տևական ժամանակ է, «եվրոպացի» են երևակայում։ Ուկրայինայից մնացել է զուտ ուրվականը փաստացի Եվրոպայի ամենամեծ տարածք ունեցող երկիրն այսօր դարձել է շարքային լուզեր։ Ինչ վերաբերվում է Վրաստանին, ապա այս երկրին այսօր արևմուտքից բացահայտ սպառնում են, և, չնայած այդքան բանակցություններին ու անդամակցության խոստումներին, ցանկանում են զրկել այդ հեռանկարից կամ սառեցնել այն, մինչև Վրաստանը չկատարի ԵՄ պայմանները։ Հայաստանի դեպքում նույնիսկ անդամակցության հեռանկարի խոստումներ չկան, միայն Եվրախորհրդարանի ոչինչ չասող հռչակագիր է,  սակայն ԵՄ-ն, իհարկե, շատ ոգևորված է ՀՀ-ի հետ հարաբերություններով, քանի որ ՀՀ-ն կրճատել է Ռուսաստանի հետ հարաբերությունները և սկսել է վարել հակառուսական քաղաքականություն։

Հենց սա է այն միակ ու առանցքային դետալը, որը, Հայաստանի հետ հարաբերություններում, ունի Արևմուտքը՝ կտրել ռուսական բոլոր թելերը և Հայաստանին հիմովին պոկել ԵԱՏՄ շահերի ու ազդեցության գոտուց։ Կասկած չունեմ, որ եվրոպացիները Հայաստանին հասկացրել են, որ ԵՄ անդամակցության հեռանկարի մասին կարող են խոսել միայն Ռուսաստանի հետ համատեղ կառույցները լքելուց հետո: Իսկ դա արդեն Նիկոլի համար բավական ծանր որոշում է լինելու, քանի որ նա բոլորից լավ գիտի, թե Հայաստանի համար ինչ ահռելի դեր ու նշանակություն ունի ՌԴ ու ԵԱՏՄ շուկան ընդհանրապես։

Արմեն Հովասափյան