Ադրբեջանից գազ գնելու մասին ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա և նման քննարկումներ չեն եղել։ Այս մասին ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը։ «Բայց եթե կա որևէ երկիր, որ գազ է վաճառում և կա երկիր, որ գազի կարիք ունի, եթե չկա դրա համար խոչընդոտ, ապա ամեն հարց քննարկելի է: Բայց այս պահին որեւէ պայմանավորվածություն կամ համաձայնություն չկա»,- ասաց նա:
Հարցին՝ Ադրբեջանից գազ գնելն անվտանգության խնդիր չի՞ կարող առաջացնել Հայաստանի համար, Թունյանը պատասխանեց. «Հայաստանի համար, և ընդհանրապես, որևէ երկրի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի էներգառեսուրսը: Պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է և ամենաշահավետն է: Իսկ վտանգները էներգակիրների հետ կապված առաջանում են այն ժամանակ, երբ քո էներգետիկ անվտանգությունը ցածր մակարդակի վրա է և քո աղբյուրը մեկն է: Այսինքն, ինչքան դու կարողանում ես քո մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնել, այնքան ավելի բարձրացնում ես քո էներգետիկ անվտանգության մակարդակը:
Հայաստանը միշտ էլ մտածել է իր էներգետիկ աղբյուրները դիվերսիֆիկացնելու մասին, դրա համար էլ ժամանակին կառուցվել է Իրան-Հայաստան գազամուղը, այս պահին ռուսական գազը եւ իրանական գազ ամբողջությամբ մեր պահանջարկը բավարարում են»:
Հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանը հրաժարվի ռուսական գազից, նախընտրելով ադրբեջանականը՝ Բաբկեն Թունյանը պատասխանեց. «Եթե դուք մի խանութից գնում եք թթվասեր, մեկ էլ տեսնում եք, որ կողքի խանութում այդ նույն թթվասերը վաճառում են կրկնակի էժան գնով: Դա ձեզ կստիպի՞ հրաժարվել այն մի խանութից առևտուր անելուց, թե ոչ: Ամեն ինչը կախված է բազմաթիվ գործոններից: Եթե կլինի այնպիսի վիճակ, որ կզգանք, որ մեզ ավելի նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել եւ դա հնարավոր է, ապա պետք է մտածենք այդ ուղղությամբ:
Այսինքն, երբ կզգանք, որ մեզ ավելի նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել և դա հնարավոր է, ապա պիտի մտածենք այդ մասին»։
Նա ընդգծեց որ Ռուսաստանն իհարկե մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց մենք ռուսներից գազը ձրի չենք ստանում, մենք դա գնում ենք: «Ուզում եմ հիշեցնե, որ ժամանակին նույն ռազմավարական դաշնակիցը 300 մլն դոլարի գազի պարտքի դիմաց վերցրեց որոշ ռազմավարական օբյեկտներ Հայաստանից: Դա նորմալ է, վերցրել ենք, պետք է վճարենք»։
Ամեն դեպքում նա ընդգծեց, որ Ադրբեջանից գազ գնելու հարցը կարող է քննարկել, երբ ռուսական գազի գինը լինի այնպիսի բարձր գին ունեցող էներգառեսուրս որ մենք ստիպված լինենք այլ աղբյուրների մասին մտածել»։