Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը
մարտի 19-ին հանդիպել է Մոսկվայի և ՌԴ այլ տարածաշրջանների գործարար շրջանակների ներկայացուցիչների
հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընթացող գործընթացների, հայկական
պետականության, Հայաստանի քաղաքացիների և Սփյուռքի վրա դրանց երկարաժամկետ հետևանքների
հետ կապված հարցեր: Արա Աբրահամյանը ներկաներին ծանոթացրել է իր կողմից հիմնած «Արարատյան
ալյանս» ինստիտուտի գործունեությանը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ
Հայաստանի զարգացման նպատակով մշակված ճանապարհային քարտեզին և ինստիտուտի այլ ծրագրերին:
«Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը
վտանգում է պետականության հիմքերը, տանում է ավանդական արժեքների և ազգային հենասյուների
լղոզման, բարդացնում է հայ-ռուսական հարաբերությունները, ինչը բացասաբար է անդրադառնում
յուրաքանչյուր հայի վրա՝ հասարակ աշխատողից մինչև խոշոր բիզնեսի սեփականատեր»,- ասել
է Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ կատարվածի համար ժողովրդին մեղադրելը
սխալ է: «Տեղի ունեցածի համար պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների և համախմբման
անընդունակ էլիտաների վրա: Այս ամենը կարող է միայն էլիտան, եթե իմաստնություն ունենամի
կողմ դնել անձնական ամբիցիաները և միավորվի»,- ասել է Արա Աբրահամյանը:
Աբրահամյանը ցավով նշել է, որ երկրի
համար դժվարին իրավիճակում իշխանությունը ոչ մի անգամ չի դիմել Սփյուռքի լայն կապեր և հնարավորություններ ունեցող
ներկայացուցիչների օգնությանը, որպեսզի կանգնեցնի հայության համար բացասական զարգացումները:
Նրա խոսքով՝ երբ Ալիևը մշտապես բացահայտ սպառնում է Հայաստանին, նրա վարչապետը պարտավոր
է ամրապնդել իր երկրի պաշտպանունակությունը, այլ ոչ թե կրկնել այդ սպառնալիքներն իր
բնակչությանը և վախեցնել, իբր, եթե Արցախից հետո չհանձնենք մեր հողերը՝ կհարձակվեն մեր վրա:
Հանդիպման
ընթացքում տեղի է ունեցել մտքերի կառուցողական քննարկում և պայմանավորվածություն է
ձեռք բերվել պարբերաբար հանդիպումներ ունենալ՝ սույն թվականի մայիսին Երևանում «Արարատյան
ալյանսի» կայանալիք համաժողովին ընդառաջ: