Foto

ԱՀԿ-ն նախազգուշացրել է ալկոհոլի եւ կանանց կրծքի քաղցկեղի կապի մասին

Շատ մարդիկ ուշադրություն չեն դարձնում այն փաստին, որ ալկոհոլի օգտագործումը կանանց շրջանում օնկոլոգիայի առավել տարածված տեսակի՝ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի հիմնական գործոնն է, այս մասին նշվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի հայտարարությունում։

ԱՀԿ-ում կարծում են, որ վատ տեղեկացված լինելն այս հարցում լուրջ խոչընդոտ է այդ հիվանդության կանխարգելման համար։

Վերջերս իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կանանց 21 եւ տղամարդկանց 10 տոկոսն է եվրոպական երկրներում իմացել ալկոհոլի օգտագործման եւ կաթնագեղձի քաղցկեղի առաջացման միջեւ կապի մասին։

Կազմակերպությունում նշել են, որ այս հիվանդության դեպքում ալկոհոլն ազդում է էստրոգենների մակարդակի վրա, որոնք կարեւոր դեր են խաղում կաթնագեղձի քաղցկեղի շատ տեսակների առաջացման գործում։ Ալկոհոլի ազդեցությունը հորմոնների մակարդակի վրա մասամբ բացատրում է բարձր ռիսկը։

ԱՀԿ տվյալներով՝ եվրոպացի կանանց համար կաթնագեղձի քաղցկեղը՝ պայմանավորված ալկոհոլի օգտագործմամբ, կազմում է բոլոր դեպքերի 66 տոկոսը։ Միայն 2022թ. եվրոպական տարածաշրջանում գրանցվել է այդ հիվանդության ավելի քան 600 հազար դեպք։