«Չեմ ուզում տարանջատել կանանց իրավունքները. Հայաստանում ընդհանրապես մարդու իրավունքները պաշտպանված չեն․ թավշյա տեռորից հետո Հայաստանում մարդու կյանքը, իրավունքը, խոսքը, խոսքի ազատությունն ամենաէժան ապրանքն է»,- 168.am-ի հետ զրույցում Հայաստանում կանանց տոնի համատեքստին ու իրողություններին անդրադառնալով՝ նշել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նա նաև ցավով արձանագրել է, որ տարբեր սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ կանանց հանդեպ ամենաանհանդուրժողը հենց կանայք են:
«Թավշա տեռորից հետո հայհոյանքն ու անեծքը դարձավ մարդկանց հետ հարաբերվելու գործիք. պարզվեց՝ սոցիալական ցանցերում այդ հայհոյողների 80 տոկոսը կանայք են: Իսկ ո՞ր դեպքում է կինը հայհոյում. երբ չսիրված է, չռեալիզացված ու չգնահատված է: Այս ատելությունը, չարությունը, որ կա, նաև կանանց հանդեպ վերաբերմունքի հետևանքն է, կնոջ հանդեպ պետության հոգածության թերացման պատճառը»,- հավելել է նա:
Կանանց իրավունքների մասին իր դիտարկումներում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահը հիշեցրել է՝ այսօր Հայաստանում բռնության տարբեր տեսակների են ենթարկվում կանանց 65-70 տոկոսը:
«Խոսքը վերաբերում է ոչ միայն ծեծին, այլև տնտեսական ու հոգեբանական բռնությանը: Ու այդ մենթալիտետն օրենքներով չի փոխվելու. երբ նաև իմ ջանքերով մենք ընդունեցինք ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքը, դա չմեծացրեց այն վիճակագրությունը, ըստ որի՝ կանայք շատ ավելի համարձակ կդիմեին իրավապահ մարմիններին (աննշան է մեծացել այդ կանանց տոկոսը), որովհետև հասարակությունը կնոջ հանդեպ անհանդուրժող է, և հենց կանայք կանանց հանդեպ են անհանդուրժող»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը, ապա մի քանի այլ փաստերի վրա ևս ուշադրություն հրավիրել,- «Սրանք վիճակագրություն հրապարակեցին, ըստ որի՝ ՀՀ-ն առաջին տեղն է զբաղեցնում կանանց զբաղվածության առումով: Իհարկե, դա ինչ-որ առումով լավ է, բայց մենք պետք է դրա շերտերը հասկանանք. կինը թիկունք ու հենարան չունի այսօր ու ստիպված է դառնալ ընտանիքի միակ կերակրողը, ինչը բերում է նաև այդ նեգատիվին․ սա շատ մեծ, համակարգային խնդիր է, որն օրենքներով չի կարգավորվելու:
Ես չեմ սիրում պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքը, որ բերեցին, ընտրական ցուցակներում էլ ներառեցին, թե՝ ընտրական ցուցակներում ամեն երրորդը պետք է լինի կին: Դա սխալ է. ամեն պրոֆեսիոնալ պետք է լինի իր տեղում, և պարտադիր չէ խորհրդարան բերել կանանց, որոնք չգիտեն՝ այնտեղ ինչի համար են»: