Foto

Forbes. Հայաստանը վերածվում է տեխնոլոգիական հզոր կենտրոնի

Ամերիկյան «Ֆորբս» հեղինակավոր ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի մասին՝ ուշադրություն հրավիրելով երկրի տեխնոլոգիական ոլորտի արագ զարգացման վրա, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ 

Ըստ ամսագրի՝ Հայաստանը վերածվում է տեխնոլոգիական հզոր կենտրոնի՝ համաշխարհային խաղացողների ներկայությամբ և կենսունակ ստարտափ էկոհամակարգով:

Հեղինակ Քրեյգ Սմիթը ներկայացրել է երկրի ընդհանուր տնտեսական պատկերը՝ նշելով, որ տեխնոլոգիական արդյունաբերությունն այժմ Հայաստանի ամենաարագ աճող ոլորտն է, որն իր զարգացման տեմպերով 2023 թ. գերազանցել է տնտեսության հիմնական շարժիչ հանդիսացող հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտները: Արդյունքում երկրի տնտեսությունը վերելք է ապրում: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների՝ 2023 թ. Հայաստանը 7 տոկոս տնտեսական աճ է ունենալու՝ երկիրը դարձնելով տարածաշրջանի ամենաարագ զարգացող տնտեսությունը:

«Հայաստանի տնտեսական զարգացման ապագան գիտելիքահեն, բարձր եկամուտ ապահովող արտադրանքի մեջ է», -«Ֆորբս»-ի հետ զրույցում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Նախարարն այդ մոտեցումը բացատրել է այն հանգամանքով, որ Հայաստանը չունի ելք դեպի ծով, և լոգիստիկ ծախսերը թույլ չեն տալիս ֆիզիկական ապրանք արտահանել մրցունակ գներով:

Ամսագրի հեղինակն իր հերթին հղում է արել տարբեր միջազգային վարկանիշների, որոնք ներկայացնում են Հայաստանը որպես Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացող տեխնոլոգիական կենտրոն: Հայաստանի տեխնոլոգիական վերելքը «Ֆորբս»-ը բացատրում է ոչ միայն իր պատմական ժառանգությամբ՝ որպես ԽՍՀՄ գլխավոր տեխնոլոգիական կենտրոններից մեկի, այլև հայկական սփյուռքի մեծ ներուժով: Նշվում է, որ այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են «Մոդեռնա» բիոտեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, Apple ընկերության նախկին տեխնիկական տնօրեն և macOS օպերացիոն համակարգի ստեղծող Ավետիս Թևանյանը, պահպանում են իրենց կապը հայրենի երկրի հետ:

Հոդվածն ամբողջությամբ՝ հղմամբ։