Հայաստանը Տեղեկատվական Տեխնոլոգիաների և Ծառայությունների Ալյանսի (WITSA) լիցենզիայի համար կվճարի 750 000 դոլար, որը ներառյալ հարկերը կկազմի 900 000 դոլար: WITSA-ին անդամակցությունը անհրաժեշտ է 2024թ-ին Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը անցկացնելու համար։
Կառավարության այսօրվա որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ WCIT-ն հանդիսանում է աշխարհի խոշորագույն և ամենահեղինակավոր միջազգային միջոցառումը ՏՏ ոլորտի առաջատարների շրջանում: Այն ընդգրկում է տեղեկատվական տեխնոլոգիաների բիզնես գործընթացների վրա ազդող իրավական, քաղաքական և տնտեսական միտումների քննարկումներ, նորարարական լուծումների, B2B հանդիպումների և այլ շնորհանդեսներ:
Այս համաժողովը կազմակերպվում է 1978թ.-ից նորարարական տեխնոլոգիաների ոլորտի հսկաներ համարվող երկրներում՝ Հնդկաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բրազիլիայում, Մեքսիկայում։ Միջոցառման հիմնադիր կազմակերպիչը Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսն է, որին 2004թ.-ից անդամակցում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։
2014թ.-ին Մեքսիկայում կայացած Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսի տնօրենների խորհրդի հանդիպման ժամանակ ՀՀ-ն հավանության էր արժանացել՝ որպես «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման հյուրընկալող երկիր:
2019թ.-ին Երևանում կայացած միջոցառումն իր մասշտաբայնությամբ տևական ժամանակ համաշխարհային տեղեկատվական հանրության ուշադրության կենտրոնում էր գտնվում: Այն ոչ միայն ՀՀ-ում ՏՏ ոլորտում անցկացված ամենամեծ համաժողովն էր, այլև ռեկորդային էր իր մասնակիցների թվով WCIT-ի ողջ պատմության ընթացքում։
Միջոցառումն հյուրընկալել էր ավելի քան 48.000 այցելուի, շուրջ 6400 մասնակցի և ավելի քան 3000 ընկերություն:
Նկատի ունենալով «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով» միջոցառման նախորդ փորձը ակնկալվում է, որ
ՀՀ-ում կայանալիք հերթական միջոցառումը էական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական վիճակի վրա՝ ինչպես կարճաժամկետ, այդպես էլ երկարաժամկետ հեռանկարներում։
Միջոցառման անցկացման պարագայում ակնկալվում է Հայաստանի տնտեսության վրա հետևյալ ազդեցությունը.
1) Հայաստանի ճանաչելիության ու հետաքրքրության բարձրացում,
2) Օտարերկրյա ներդրումների խթանում և ներգրավում,
3) Առաջատար ընկերությունների հետ հստակ պայմանավորվածությունների և համաձայնությունների ձեռքբերում,
4) ՀՀ-ն՝ որպես տարածաշրջանային տնտեսական խաչմերուկի և բիզնես հարթակի ներկայացում,
5) Արդյունավետ գործարար կապերի հաստատում և ՀՀ-ի բիզնես միջավայրի ակտիվացում,
6) ՀՀ-ի զբոսաշրջության զարգացում,
7) Կայուն տնտեսական աճի խթանում,
8) Աշխարհում ՀՀ-ի ՏՏ բրենդի առաջխաղացում:
Միջոցառման անցկացումը Հայաստանում մեծապես կնպաստի թե՛ ՏՀՏ ոլորտի արագ զարգացմանը՝ ապահովել ՀՀ տեխնոլոգիական անկախությունը մի շարք կարևոր բնագավառներում, թե՛ ՀՀ-ն կդարձնի աշխարհի կարևորագույն տեխնոլոգիական կենտրոններից մեկը:
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նշված գումարը պետք է տրամադրվի «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների» միությանը որպես դրամաշնորհ, քանի որ վերջինս հանդիսանալու է պայմանագիր կողմ:
«2024թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպում» միջոցառման արժեքը կկազմի 362 մլն 871 հազ. դրամ՝ ներառյալ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների» միությանը որպես դրամաշնորհ տրամադրելու արդյունքում ավելացվող ԱԱՀ-ն:









