Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը չեղարկել է շաբաթ օրվա իր առավոտյան ընդունելությունները թեթեւ գրիպի պատճառով, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Վատիկանի մամուլի ծառայությանը։
86-ամյա հովվապետը շաբաթ օրերին կանոնավոր հանդիպումներ է ունենում Վատիկանի պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաեւ մասնավոր ընդունելություններ է անցկացնում։
Այս ամիս ավելի վաղ Հռոմի պապը չէր մասնակցել եվրոպացի ռաբբիների հետ հանդիպմանը, քանի որ մրսածություն ուներ, բայց արդեն մի քանի ժամ անց երեխաների հետ հանդիպմանը նա միանգամայն առողջ տեսք ուներ։
Հունիսին նա ենթարկվել էր վիրահատության, հեռացրել էին որովայնի խոռոչի ճողվածքը։ Նա ինն օր հիվանդանոցում էր անցկացրել եւ լիովին ապաքինվել է այդ վիրահատությունից հետո։
Հռոմի պապի հաջորդ հրապարակային ելույթները նախատեսված են կիրակի, երբ նա դիմելու է հավատացյալներին Angelus ամենշաբաթյա ուղերձով, Սուրբ Պետրոսի հրապարակում։
Ֆրանցիսկոսը կմասնակցի նաեւ Դուբայում դեկտեմբերի 1-3-ին կայանալիք COP28 համաժողովին կլիմայի վերաբերյալ, մոտ մեկ օր կանցկացնի՝ երկկողմ հանդիպումներ ունենալով համաշխարհային առաջնորդների հետ, որոնք մասնակցելու են այդ միջոցառմանը։ Համաժողովն սկսվելու է նոյեմբերի 30-ին եւ տեւելու է մինչեւ դեկտեմբերի 12-ը։