Նոյեմբերի 7-ին Գագրայում տեղի
է ունեցել հայկական մշակույթի և կենցաղի «Համշեն» ամենամյա փառատոնը, որին մասնակցել
է Աբխազիայի նախագահ Ասլան Բաժանիան, փոխնախագահ Բադրա Գունբան և այլ բարձրաստիճան
պաշտոնյաներ: Փառատոնին ներկա է եղել նաև Ռուսաստանի հայերի միության ներկայացուցչական
պատվիրակությունը:
Հայկական մշակույթի և կենցաղի
«Համշեն» փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին ողջույնի խոսք է հղել Ռուսաստանի
հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Ուղերձում ասվում է.
«Համաշխարհային հայկական կոնգրեսի,
Ռուսաստանի հայերի միության և անձամբ իմ կողմից սրտանց ողջունում եմ «Համշեն» ամենամյա
փառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Առանց այս փառատոնի անհնար
է պատկերացնել Աբխազիայի բազմազգ մշակութային գունապնակը: Ինչպես նաև անհնար է պատկերացնել
Ապսի երկրի ճակատագիրն առանց համշենահայերի, քանի որ նրանք, իրենց ուրույն և հարուստ
մշակութային ժառանգությամբ, աշխատասիրությամբ, հայրենասիրությամբ և հայրենանվիրությամբ
հանդիսանում են այդ հասարակության անքակտելի մասը:
Այս հրաշալի տոնակատարությունն
Աբխազիայի բոլոր բնակիչներին և հյուրերին հնարավորություն է տալիս ծանոթանալ համշենահայերի մշակույթին, ավանդույթներին,
խոհանոցին և արհեստներին: Համոզված եմ, որ «Համշեն» փառատոնը, որն ունի միավորող, բարոյական
և քաղաքացիական որակներ դաստիարակող առաքելություն, այսուհետ էլ կտարածվի և կծառայի
բարեկամության, խաղաղության և համաձայնության գաղափարներին՝ ի բարօրություն Աբխազիայի
Հանրապետության և նրա ժողովրդի»:









