Foto

Առաջատար գիտաշխատողների աշխատավարձերը 2024թ. էապես կբարձրանան

Առաջատար գիտաշխատողների աշխատավարձերը 2024թ. էապես կբարձրանան եւ կհասնեն 420 հազար դրամի։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 2-ին ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ աշխատավարձերի աճը 2021թ. համեմատ կազմել է 267 տոկոս։ Երկու տարի առաջ առաջատար գիտաշխատողն ստանում էր 114 հազար դրամ։ «Նախատեսվում է նաեւ ավելացնել գլխավոր գիտաշխատողների աշխատավարձերը։ Հաջորդ տարի դրանք կկազմեն 500 հազար դրամ։ Եվ դա՝ այն դեպքում, երբ 2021թ. գլխավոր գիտաշխատողը ստացել է ընդամենը 138 հազար դրամ»,- ասել է Անդրեասյանը։

Նախարարը նաեւ տեղեկացրել է գիտաշխատողների ատեստավորման համակարգի ներդրման պլանների մասին։ Դա, գերատեսչության ղեկավարի կարծիքով, թույլ կտա էապես բարձրացնել նրանց որակավորումը։