Foto

Ռուսաստանը հույս ունի պարզաբանել անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացման մասին Փաշինյանի խոսքերը

Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի Հայաստանի հետ շփումներում պարզաբանել անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացման մասին Փաշինյանի խոսքերը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները «հիմնականում» Երևանին բերեցին «անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության որոշմանը»։

«Այս դեպքում մենք հակված չենք The Wall Street Journal-ին ընկալել որպես առաջնային աղբյուր, ուստի դեռ պետք է հստակ հասկանանք, թե ինչի մասին էր խոսում պարոն Փաշինյանը»,- նշել է Պեսկովը ու հավելել. «Իհարկե, մեր հայ ընկերների հետ զրույցներում մենք ակնկալում ենք ստանալ ամբողջ տեղեկատվությունը այս ամենի վերաբերյալ: Եվ, իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի համար լավ չէ շփվել թերթերի, հատկապես Wall Street Journal-ի միջոցով: Ուստի մենք շարունակում ենք զրույցը, երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, ունենք շատ ծավալուն օրակարգ»։

WSJ-ին տված հարցազրույցում Փաշինյանը նաև նշել է, որ Երևանը չի բարձրացնում Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը և փորձում է «հասկանալ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի այս պահվածքի պատճառը աշխատանքային հանդիպումների շրջանակներում»: