Այսօր գոյություն ունեցող
իրականությունն այն է, որ Ադրբեջանը Հայաստանին իր սրտի պահանջները ներկայացնում է
իր քիմքին հաճելի սոուսով, ավելին, նա այդ պահանջները կշարունակի ներկայացնել այնքան
ժամանակ, քանի դեռ ՀՀ կառավարության ղեկին են մարդիկ, ովքեր անընդհատ զիջում են ու
հանձնում (պատմության մեջ նման զիջող կառավարություն, թերևս, եղել Ֆրանսիայի Վիշիի
կառավարության ղեկավար Պետենի իշխանության տարիներին)։
Չնայած այն հանգամանքին,
որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը՝ որպես հաղթող կողմ, բազմաթիվ պահանջներ է ներկայացրել`
այս իշխանությունները ոչ միայն այդ պահանջները կատարել են, այլև, տարբեր բանավոր պայմանավորվածություններով,
որոշումներով, որոնք չեն եղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ավելի ծանր
վիճակի մեջ են դրել համայն հայությանը։ Բաքուն անընդհատ պահանջողի դերում է, մինչդեռ
նոյեմբերի 9-ի փաստաթղթով ինքն էլ մի շարք պարտավորություններ ունի, որոնք արդեն 3
տարի է չի կատարել: Երեք տարվա ընթացքում Ադրբեջանը տարբեր ժամանակափուլերում ռազմական
էսկալացիաների է դիմել Արցախի և Հայաստանի սահմանների ուղղությամբ, ՀՀ հարյուրավոր
քառակուսի կիլոմետրանոց տարածքներ անցել են նրանց վերահսկողության տակ, իսկ այն, ինչ
տեղի ունեցավ Արցախում, նույնիսկ ոչ մի բացատրություն ու տրամաբանություն չունի:
Գաղտիք չէ, որ Ադրբեջանի
մոտեցումներն առավելապաշտական են․ Ալիևն Արցախում ժամանակավորապես իր խնդիրները լուծել է և հիմա անցել է «անկլավներին»։ Բանականությունը հուշում է, որ դեպքերի զարգացումներից հետո օրակարգ կբերվի
այսպես կոչված միջանցքի հարցը, այնուհետև փախստականների վերադարձի թեման, ռազմական տուգանքների, փոխհատուցումներ ստանալու պահանջ և այլն։ Ասվածը վկայում է,
որ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների նոր ալիք է մեզ սպասում, որտեղ բացի անվտանգային
ու տարածքային հարցերը՝ լինելու է նաև ֆինանսական բլոկ։ Այլ կերպ ասած՝ քանի դեռ
այս իշխանությունները շարունակեն զիջել, այնքան նոր նախապայմաններ ու պայմաններ առաջ
կքաշեն ադրբեջանցիները, ինչպես նաև թուրքերը:
Ի դեպ, մի կարևոր հանգամանք
ևս․ ինչպես հայտնի է՝ Փաշինյանն ու նրա իշխանությունը բաց տեքստով խաղում են Ադրբեջանի հետ, և այնտեղից եկող ամեն մի քայլ Նիկոլի կողմից
համապատասխան արձագանք է ստանում։ Վերջին դեպքը Ստրասբուրգում կատարվածն էր, որտեղ
Նիկոլը փաստացի ՀՀ դեմ նոր պատերազմի հիմքեր դրեց։ Սա ֆանտաստիկա չէ, այլ իրականություն․
չնայած հանգամանքին,
որ վերջերս Վլադիմիր Պուտինն իր աջակցությունը հայտնեց Փաշինյանին, վերջինս հերթական
քայլն է անում՝ Արևմուտքին ընդառաջ, փորձում սիրաշահել, միևնույն ժամանակ՝
Հայաստանը դարձնելով Արևմուտք-Ռուսաստան առճակատման տարածաշրջանային էպիկենտրոն։
Փաշինյանն իր հայտարարություններն անելիս ու որոշումները կայացնելիս
սխալ աշխարհաքաղաքական վերլուծությունների վրա է հիմնվում՝ կարծելով, թե, կորցնելով
Հայաստանը, Ռուսաստանը կկորցնի ողջ տարածաշրջանը կամ, եթե հայ-ռուսական հարաբերություններում
խնդիրներ կան, ուրեմն Ռուսաստանը կհեռանա տարածաշրջանից։ Իհարկե, դա այդպես չէ,
և բնավ պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, առավել ևս՝ հանրությանը հերթական անգամ մոլորության
մեջ գցել։
Եթե նիկոլերենից փորձենք
թարգմանենլ տեղի ունեցածը, դա մոտավորապես հետևյալն է. Նիկոլը փորձ է իր քաղաքականության և սխալների ողջ պատասխանատվությունը
դնել Ռուսաստանի վրա, միևնույն ժամանակ տեղավորվել Արևմուտքի հակառուսական ալիքի շրջանակում՝
փորձելով գտնել հովանավորներ և պաշտպաններ: Սակայն մյուս իրականությունն այն է, որ
այնտեղ, որտեղ նա հովանավորներ է փնտրում՝ նրանք ուղղակի չկան, ինչպես չկային նախորդ
դարի սկզբին։
Արմեն Հովասափյան









