Foto

Փոքրիկ դեսպոտիկի ստրասբուրգյան «բենեֆիսը»

Ամեն օր հայաստանյան իրականությունն ապրում է հերթական սթրեսը, որի համար իր ուրույն ու կայուն դերն ունի Նիկոլ Փաշինյանը։ Այսօրվա հարթակը մաքուր եվրոպական էր, որտեղից լսեցինք ստի, ցինիզմի, անբարոյականության հերթական ճամարտակությունը։ 

Եվրոպական խորհրդարանում նրա ելույթը ոչնչով չէր տարբերվում իր հայաստանյան ելույթներից՝ մի փոքր «ժողովրդավարության» չափաբաժինն էր ավելացրել՝ փորձելով իր սիրելի եվրոպացիներին համոզել իր սուպերժողովրդավար լինելու մասին։ Ելույթի հենց սկզբից ակնհայտ դարձավ, որ Նիկոլն այն կառուցել է բացահայտ հակառուսական թեզերի վրա հիմնվելով, քանի որ խոսույթի հիմնական առանցքը հենց ՌԴ-ին ուղղված ակնհայտ հակակրանք էր ու ուղղակի մեղադրանքներ․ առանձին անդրադարձ կատարեց «ՀԱՊԿ անգործության» մասով, շեշտեց խաղաղապահների «ոչ ադեկվատ պահվածքը», այլ կերպ ասած՝ հակառուսական ինչ հնարավոր տարբերակ ուներ՝ ասաց։ Դե, եվրոպառլամենտականներին էլ ի՞նչ էր մնում՝ իհարկե, ինքնամոռաց ծափահարել ու ժպտալ «փոքրիկ դեսպոտիկին»։

Հա, մոռացա ասել՝ Փաշինյանի խոսքում թևածում էր «ժողովրդավարություն» բառը, որը մոտ 8-10 անգամ կրկնեց՝ փորձելով  ներկաներին համոզել (մնաց ասի՝ հորս արև), որ ինքը բարի է, խաղաղասեր, ներող, զիջող, կամեցող և շատ պուպուշ ձևով է կառավարում երկիրը։ Բնականաբար, երբ Նիկոլը խոսում էր Հայաստանում «թևածող» ժողովրդավարության մասին, միանգամից ադեկվատ հայության աչքի առաջ վերհառնեցին Արմեն Աշոտյանի, Մամիկոն Ասլանյանի, Լևոն Քոչարյանի, Գրիգոր Խաչատուրովի, Միքայել Արզումանյանի և մյուս քաղբանտարկյալների կերպարները։ Հայության զգալի մասը հավանաբար հիշեց, թե ինչպես էին ընդամենը 15-20 օր առաջ Երևանի փողոցներում նռնակներ ցուցարաների վրա, կանաց ոտնակոխ տալիս և անչափահասներին, խեղդելով, պառկեցնում ասֆալտին։

Նիկոլական ստերը եվրոպանների քիմքին հաճելի էր, նրանք ցանկանում էին լսել, թե ինչպես է նա բարբաջում խաղաղության օրակարգի մասին, ինչպես է սեփական երկրի շահերը ոտնակոխ տալիս, արհամարհում բոլոր արժեքները՝ հանուն շինծու դեմոկրատիայի, այն դեմոկրատիայի, որն այսօրվա կյանքը վերածել է մարազմատիկ քաոսի։

Հպարտանում էր Նիկոլը, գլուխը ոգևորությամբ աջուձախ պտտում, փորձում հավատացողների հայացքները որսալ, որպեսզի ստի չափաբաժինն ավելացնի, ճոռոմաբանությունն էլ ավելի գռեհկացնի խուճուճ դարձվածքներով։ Է՛լ տնտեսական «աննախադեպ» աճեր, է՛լ թափանցիկ ընտրություններով հպարտանալու «մաստեր-կլասներ», ճանապարհների ապաշրջափակում, սիրելի հարևաններ, միջազգային խաչմերուկներ և վերջում ևս մեկ անգամ՝ կեցցե ժողովրդավարությունը։

Իսկ ելույթի վերջնամասը վառ երևակայություն ունեցող ունկնդրին, թերևս, հիշեցրեց բուլգակովյան հայտնի դրվագը, երբ դահլիճը հոտընկայս ծափահարում էր ընկեր Շարիկովին, իսկ նա մոլորված հայացքով նայում էր շրջապատին։

Հ․գ․ Կարող եք ծխել, պարոնա՛յք․․․  

 Արմեն Հովասափյան