Foto

ԼՂ-ից բռնի տեղահանված ամենամեծ թվով քաղաքացիները տեղակայվել են Կոտայքի մարզում. Սանոսյան

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզպետարանում։

Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին հաշվառելու, կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացի անխոչընդոտ  կազմակերպմանը։

Նախարարը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանվածներին կացարանով ապահովելու աշխատանքների առաջին փուլն ավարտված է և հիմա նույն ջանասիրությամբ պետք է լծվել երկրորդ փուլի աշխատանքներին` նրանց  կարիքները գնահատելու և  դրանք հոգալու գործին։

«Կոտայքը հսկայական բեռ է վերցրել իր վրա։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ամենամեծ թվով քաղաքացիները տեղակայվել են հենց այս մարզում։ Պետք է նշեմ, որ Կոտայքը պատվով կատարում է իր աշխատանքը, բայց առաջիկայում դեռ շատ անելիք ունենք»,-  ընդգծել է նախարարը։

Սանոսյանի խոսքով՝ առաջիկա անելիքը պետք է լինի մարզում ազատ տների, բնակարանների գույքագրումը, որպեսզի հնարավոր լինի հյուրանոցներում, հյուրատներում տեղակայված քաղաքացիներին տեղափոխել հիմնական բնակության վայրեր։

Նախարարը հանձնարարել է առանձնահատուկ հոգատարություն ցուցաբերել բռնի տեղահանվածներին` հատկապես հատուկ կարիք ունեցող անձանց, երեխաներին։

Սանոսյանը Կոտայքի մարզպետի աշխատակազմին ևս հանձնարարել է բռնի տեղահանվածներին պատշաճ կերպով իրազեկել պետության կողմից տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերի մասին։

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը զեկուցել է սեպտեմբերի 25-ից մարզում կատարված աշխատանքները, տեղակայվածների թիվը։

Կոտայքի մարզում այս պահին տեղակայված է 22 482 քաղաքացի, որոնցից 2576-ը՝ հյուրանոցներում։ Կոտայքի մարզում այսօր առավոտյան դպրոց է գնացել 1763 երեխա։

Խորհրդակցությունից հետո նախարարն այցելել է Ծաղկաձորում տեղակայված բռնի տեղահանվածներին, լսել նրանց կարիքները, պատասխանել նրանց հուզող հարցերին։