Foto

Եվրախորհրդարանը դատապարտել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան

 Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ Եվրամիությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման համար, ինչը հանգեցրել է նաև մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների։

Հոկտեմբերի 3-ին Եվրոպական խորհրդարանում քննարկում էր տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թեմայով, որին հաջորդել է բանաձևի ներկայացումը։

Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, բանաձևը Եվրոպական խորհրդարանում քվեարկության դրվեց հոկտեմբերի 5-ին։ Բանաձևին կողմ քվեարկեց 491, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 36 պատգամավոր։

Ընդունված բանաձեւը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված և չարդարացված ռազմական հարձակումը, որն իրենից ներկայացնում է միջազգային եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում, ինչպես նաեւ խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությունն ու այն պարտավորությունները, որոնք Ադրբեջանը ստանձնել է ԵՄ միջնորդությամբ իրականացվող բանակցություններում։ Եվրախորհրդարանականներն ընդգծում են, որ այս հարձակումը հակասում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու Ադրբեջանի հայտարարած մտադրություններին և խաթարում է կողմերի միջեւ բանակցությունները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ 

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ