Foto

Փաշինյանական «սիմվոլիզմը»

Փաշինյանական ստերը, պոպուլիստական դեմագոիան նորություն չեն։ Մենք դա տեսնում ենք օրը ցերեկով, ավելին՝ անգամ իրենք են գիտակցում, որ ստի «գերդոզավորում» են անում։ Սակայն, կարծում եմ՝ շատերդ ինձ հետ կհամաձայնեք, որ Նիկոլի կողմից տիրաժավորվող թեզերում մշտապես կան բանալի բառեր, որոնց վրա հիմնվելով, նա կարողանում է իր առաջիկա անելիքները նախ շրջանառության մեջ դնել հանրային տիրույթում, դրա ազդեցությունը և մարսելիությունը չափել, հետո նոր միայն, ի դեպ, շատ կարևոր է փաստել՝ աստիճանաբար դրանք կյանքի կոչել։

Մասնավորապես, խոսում էր հայ-ռուսական փայլուն հարաբերությունների մասին, նշում, թե ինքը խնդիր չունի Պուտինի հետ, այսօր տեսնում ենք, թե ինչպես են վարվում նույն ռուսների ու Պուտինի հետ՝ ընդունելով Հռոմի ստատուտի պես հակասահմանադրական փաստաթուղթ։

Իշխանությունը բռնազավթելու հենց առաջին օրից խոսում էր Արցախի ինքնորոշման իրավունքի, արցախցիների իրավունքների մասին, հպարտանում Շուշիի հաղթական տոնով, Ստեփանակերտում հայտարարում, թե «Արցախը Հայաստան է և վերջ»: Իրենից բացի, Աննա Հակոբյանը հրապարակում լալահառաջ մղկտում էր, թե «սիրում է Արցախն ու արցախահայությանը»: Թե ինչ եղավ այս ամենից հետո՝ տեսանք բոլորս։ Նույն Աննա Հակոբյանը, իբր թե «պատահական», ասում էր, թե «մեր տղաները Արցախյան հերոսամարտում զոհվել են հանուն ոչնչի»․ ավելի ուշ հասկացանք, որ նա դա հենց այնպես չէր ասում․ բանից պարզվեց, որ այդ պայքարն առ ոչինչ էր, իսկ իրենք բացառապես թուրքի ցանկություններն իրականցնողներ են։

Փաշինյանը, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, խորհրդարանում «լրիվ պատահական» սկսեց խոսել Արարատ սարի՝ ՀՀ գերբի վրա լինելու փաստի մասին՝ ընդգծելով, թե «ի՞նչ կապ ունի Արարատ սարն ու հայոց արքայատոհմերը» ՀՀ պետականության հետ։ Մտավախություն ունեմ, որ առաջիկայում նա ամեն ինչ անելու է, որպեսզի փոխվի և՛ ՀՀ գերբը, և՛ դրոշը, որպեսզի ամբողջովին մաքրի անցյալի հետքը հայ իրականությունից։ 

Վերջին օրերին սրանք կպած խոսում են 29,8 հազար ՀՀ տարածքի մասին, ընդգծում, թե պահելու են այդ տարածքը, շեշտում, թե ինքը «29,8 հազարի ընտրված վարչապետն է»։ Բացի դրանից, կոնկրետ Փաշինյանը, իսկ նախօրեին արդեն տեսանք, թե ինչպես նաև նրա գվարդիականները՝ ոգևորված,  խոսում էին հայրենիքը չկորցնելու և ապագա ունենալու փաստի մասին։ Եթե հաշվի առնենք վերը շարադրված տրամաբանությամբ, ապա ցավով պետք է արձանագրենք, որ առաջիկայում պետականության կորստի հեռանկարի հետ գործ կունենանք, և Հայաստանը որպես այդպիսին կդադարի գոյություն ունենալուց։ Ավելին, իր 2018-յան միտինգներից մեկում Նիկոլը կոկորդ էր պատռում և հայտարարում, թե կամ ինքը կլինի ՀՀ վարչապետ, կամ ՀՀ-ն վարչապետ չի ունենա․ ստացվում է, որ նա անուղղակի ակնարկում էր, որ ինքը լինելու է ՀՀ վերջին վարչապետը։

Արմեն Հովասափյան