Դուք փակել եք Արցախի հաղթական էջը և ձեր քաղաքական մանյովրներն ու սարսափելի կեցվածքը ձեզ որևէ ձևով չեն օգնելու։ Այս մասին այսօր հայտարարությունների ժամի ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ ներկայացնելոց Արցախի անկման ժամանակագրությունը։
«2020 թ-ի նոյեմբեր- Հայաստանի իշխանությունը հայտարարեց, որ հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր առաքելությունից և հարցն ուղարկում է Արցախում տեղակայված ռուսական առաքելության տիրույթ։
2021 թ-ի մայիս- հայտարարվում է խաղաղության դարաշրջան, որն իր հետ բերում է նոր կորուստներ և նոր տառապանք։
2022 ապրիլ- խորհրդարանում իշխող ուժի առաջնորդը հայտարարում է, որ պատրաստվում է Արցախի հարցով նշաձողն իջեցնել, իսկ զուգահեռ նրա որոշ թիմակիցներ սկսում են հայտարարել, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում։
2022 թ-ի հոկտեմբեր, Պրահա- իշխող ուժի ղեկավարը բաց հայտարարում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մտադրության մասին։
2022 թ-ի դեկտեմբեր- Ադրբեջանը փակում է Հայաստանն Արցախին կապող միջանցքը, որով սկիզբ է դրվում Արցախի դեմ նոր ագրեսիայի նախապատրաստմանը։
2023 թ-ի ապրիլ- Ադրբեջանը օգտագործելով և որպես հիմք ներկայացնելով Հայաստանի իշխանության դիրքորոշումն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին՝ անցակետ է տեղակայում ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհին։
2023 թ-ի օգոստոս- Արցախում հումանիտար վիճակի խորացմամբ և ծայրահեղ դրսևորումներ ստանալու ֆոնին՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյւանը հանրայնացնում է իր մտադրության մասին՝ հրաժարական Արցախի նախագահի պաշտոնից, իսկ ավելի կոնկրետ, փախուստի դիմելու մասին։ Շուրջ 2 շաբաթ Արցախում նրան փորձում են համոզել, որ ստեղծված իրավիճակում նրա քայլը չափազանց վտանգավոր է, և դա պետք է թողնել հարաբերականորեն կայուն ժամանակների, սակայն վերջինս պնդում է, որ իրավիճակը հարաբերական կայուն է և ենթադրաբար ցուցում ստանալով Փաշինյանից՝ գնում է այդ քայլին։
Նոր նախագահի նշանակումից հետո՝ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է ձեռնարկում Արցախի դեմ, որի պիկին ՀՀ իշխող ուժի առաջնորդն Ադրբեջանին հավաստիացնում է հրապարակային, որ Հայաստանը չի ներգրավվի բախմանը և ճակատագրի քմահաճույքին թողնում արցախցիներին։
Իննամսյա բլոկադայի ծանր պայմաններում Ադրբեջանի բանակը 10 անգամ գերազանցող ուժերով հարձակում է, ծանր կորուստների գնով կոտրում դիմադրությունը՝ Ստեփանակերտի մատույցներում վերջնագիր ներկայացնելով Արցախի իշխանությանը։
Անկախ այն հանգամանքից, թե այս ամբիոնից ինչ ծանրության մեղադրանքներ կհնչեն, ով իր կաշին և իշխանությունը փրկելու համար մեր ժողովրդի նկատմամբ ինչ թշնամություն կանի՝ մեկ է, պատմությունն իրականությունն արձանագրել է և պատասխանը վաղ թե ուշ դուք եք տալու։ Դուք փակել եք Արցախի հաղթական էջը և ձեր քաղաքական մանյովրներն ու սարսափելի կեցվածքը ձեզ որևէ ձևով չեն օգնելում»,-ասաց Աբրահամյանը։









