Foto

ՀՀ ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացվեց։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ն վավերացրեց Կանոնադրությունը՝ 60 կողմ և 22 դեմ ձայներով։ Մինչ քվեարկությունը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ բազմիցս խմբակցությունը հայտարարել է, որ Կանոնադրության վավերացման քննարկումն ինքնին հակասում է Սահմանադրությունը, ավելին, դա ոչ մի օգուտ չի կարող տալ ՀՀ-ին, որովհետև ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան չեն ստոևագրել դա։ Դրա վավերացումը չի կատարվել նաև ՄԱԿ մի շարք երկրներում։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ևս արձանագրեց, որ Հռոմի ստատուտի վավերացման հարցը հակասահմանադրական ճանապարհով է քննարկվում, նախագիծը՝ հակասահմանադրական է։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկել։

Հիշեցնենք, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ. հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել այն։ Գործընթացն ընդհատվել էր ՍԴ–ի` 2004թ–ի օգոստոսի 13-ի որոշմամբ, որով Հռոմի փաստաթուղթը ճանաչվել էր 1995թ. Սահմանադրությանը հակասող։ 2022-ի տարեվերջին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ըստ Կառավարության՝ սրանով հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու՝ պատերազմական հանցագործությունների դեպքերով։ Մարտի 24-ին ՍԴ-ն հրապարակել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով։ ՍԴ որոշումից հետո Կառավարությունը դիմել է ԱԺ՝ վավերացման։

Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի վերաբերյալ Մոսկվան բավականին կոշտ է արձագանքել՝ այն գնահատելով որպես անընդունելի, հատկապես Միջազգային քրեական դատարանի վերջին որոշումների ֆոնին, որով որոշում էր կայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու մասին։