Foto

Փաշինյանական «խաղաղության դարաշրջանում» Եռաբլուրը համալրվում է առանց պատերազմի

Հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր: Ավելի վաղ էլ ՊՆ-ն  հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:

Կրկին զոհ և վիրավորներ, որը կոտրում է «Արցախը հանձնենք, որ հանգիստ ապրենք» իշխանական թեզը։ Եթե Արցախը ոչ թե ՀՀ դարպասն էր, այլ՝ բեռ, ինչպես ներկայացնում է իշխանության առաջնորդն արդեն 3 տարի շարունակ, և, դրանից ազատվելով, խոստանում է բացել «խաղաղության դարաշրջան» ապա ինչո՞ւ է, Նիկոլ Փաշինյանի բնորաշմամբ, իր «կիրթ և կառուցողական» գործընկեր Իլհամ Ալիևը շարունակում թիրախավորել սնունդ մատակարարող և շտապօնության մեքենաները, կրկին կեղծ հաղորդագրություններ է տարածում, թե ՀՀ ԶՈՒ-ն է թիրախավորում ադրբեջանական դիրքերը։

ՀՀ բնակչության այն հատվածը, որը շարունակաբար կրկնում է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերը և բարձրաձայն մյուսներին համոզում, որ դա բացարձակ ճշմարտություն է, հիմա իրենց «մեծագույն» առաջնորդին հարց տալի՞ս է, թե հետո՞ ինչ պետք է զիջել այդ «խաղաղության  դարաշրջանի» համար։ Ի վերջո, երբ «դարաշրջանը» լինի, ՀՀ-ն որպես պետություն գոյություն կունենա՞, թե՞ էլի Փաշինյանը կգտնի նախկինների ժամանակներից «հայտնաբերված» փաստաթղթեր ու կասի, որ ՀՀ-ն էլ երբեք գոյություն չի ունեցել։ Իրեն սատարող զանգվածը, ովքեր նույնիսկ google որոնողական համակարգից Ալմա Աթայի հռչակագիրը, Կազանի փաստաթուղթը, Մադրիդյան սկզբունքները գտնել չեն կարողանում, կշարունակեն ասել, որ հենց դրանք են երկիրը տանում կործանման։ Այնպիսի տպավորություն է, որ 2018թ-ին ոչ թե իշխանություն ենք ընտրել, այլ դարձել ենք «Նիկոլ Փաշինյան» աղանդի հետևորդ։ Ի վերջո, միայն ինչ-որ աղանդի հետևորդներին է գրեթե անհնար համոզել, որ ճշմարիտը պետական կրոնն է և իրենց խմբավորման առաջնորդը չարաշահում է այն, որ իրենք Աստվածաշունչը չեն կարդացել։

Այդ մարդիկ մոռանում են, որ 30 տարի չի եղել, բանակցային գործընթացի որևէ փուլ, որն ամբողջ Արցախը կհանձնի թշնամուն։ Առավելագույն երազանքը, որն ունեցել է Ադրբեջանը դա 5+2 ձևաչափով 7 շրջանների յուրացումն է։

Արցախը դժվար է հիմա փրկել, բայց ՀՀ օկուպացված տարածքները հնարավոր է ետ բերել, հնարավոր է չիրականացնել «Մեծ թուրանի» ծրագիրը, և ՀՀ տարածքով թշնամուն միջանցք չտրամադրել, հնարավոր է պահպանել, թշնամու ձևակերպմամբ, «անկլավները»։ Մեզ նույնիսկ մեր 29 800 քառ․ կմ տարածքը չեն թողնելու, քանի որ իշխանությունը դեռ հպարտանում է, որ իրեն պատերազմի մեջ ներքաշել չի հաջողվել։ Փաշինյանական «խաղաղության դարաշրջանում» Եռաբլուրը համալրվում է առանց պատերազմի։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան