Foto

ՀՀ-ն այս պահին արևմտյան պետությունների հետ համագործակցված իրականացնում է տարածաշրջանից ՌԴ-ի դուրս մղման գործողություն. Մելիքյան

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միաձայն ընդունվեց Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագիծը:

Նախագիծը կընդգրկվի խորհրդարանի առաջիկա նիստերի օրակարգում։

Նախագծի միաձայն ընդունմանը հաջորդեց Ռուսաստանի Դաշնության կոշտ արձագանքը: ՌԴ նախագահի  մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշուման վերաբերյալ ասաց, որ «չափազանց թշնամական» է Ռուսաստանի նկատմամբ: Դրանից քիչ անց գրեթե սպառնալից հատարարություն տարածեց ՌԴ ԱԳՆ-ն. « Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքները կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա»:

Նկատենք, որ Հռոմի ստատուտը վավերացրած պետությունները, ըստ Միջազգային քրեական դատարանի՝ պետք է ձերբակալեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և արտահանձնեն: Սա այն դրույթն է, որն ամենաշատն է անհանգստացնում  Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին:

Vesti.am-ը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարող ենք սպասել այն դեպքում և ՌԴ-ն հայտարարում է, որ քայլն ընդունում է «չափազանց թշնամական»:

«Վերջին օրերի իրադարձությունները բոլորիս աչքի առաջ են: Ռուսաստանի Դաշնության տարբեր պաշտոնյաներ շատ թափանցիկ ձևով ներկայացնում են, թե ինչո՞ւ այս աղետը եղավ: Ակնհայտ է, որ ՀՀ-ն այս պահին իրականացնում է արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն: Ակնհայտ է, որ ՀՀ-ն այս պահին արևմտյան պետությունների հետ համագործակցված իրականացնում է տարածաշրջանից ՌԴ-ի դուրս մղման գործողություն: Այս պայմաններում դժվար կլիներ ակնկալել, որ Հայաստանը նրբանկատություն դրսևորեր ՌԴ-ի շահերի և նկատառումների նկատմամբ: Իսկ թե ի՞նչ հետևանքներով է դա հղի, ես չէ, որ պետք է ասեմ: Օրինակները մեր աչքի առջև են: Նամակներով և հավաստիացումներով անվտանգություն չեն պահում: Այն հնարավոր է զինված ուժերով, իսկ եթե սեփական զինված ուժերն այս վիճակում են, (պատճառները հայտնի են), ապա դա անում են դաշնակից պետությունների միջոցով»,- նշեց Մելիքյանը:

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան