Foto

Ցեղասպանական խրախճանքի հերթական արարը

Այսօր տեղի ուենցավ այն, ինչի մասին բոլորս բարձրաձայնում էինք վերջին հնգամյակում: Աղաղակում էինք, փորձում մարդկանց բացատրել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման հիմնական նպատակը Արցախի էջի փակումն է, որ նա ամեն գնով ցանկացած քայլի ու արհավիրքի է գնալու՝ Արցախը, որպես պետություն և քաղաքական միավոր, վերջնականապես ոչնչացնելու համար։ Ահա այսօր տեղեկություն տարածվեց, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որ 2024 թվականի հունվարի 1-ից Արցախում գործող բոլոր պետական կառույցները դադարելու են գործելուց. այլ կերպ ասած՝ Արցախը ևս դադարում է գոյություն ունենալ։ 

Ինչ խոսք՝ դաժան ու անհնար է այս մասին գրել, առավել ևս տեղի ուենցածի վերաբերյալ որևէ վերլուծություն անել, ինչ-որ կանխատեսում ներկայացնել, ուղղակի պետք է արձանագրենք, որ այսօր հայ ազգի պատմության սև էջերից հերթականն է, որին ականատես ենք դառնում մենք։ Դառնալին այն է, որ, այս ամենի հետ մեկտեղ, շարունակվում է ներքին ատելության ու հրճվանքի չափաբաժինը․ մարդիկ չարախնդում են, ոգևորված մեկնաբանություններ անում, հիանում՝ արցախահայության տեղահանույթունով։ Մյուս՝ առավել դաժան տեսարանը, ադրբեջանական անցակետում հայ մարդկանց ձերբակալման դրվագն է, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածը։ Փաստ է, որ ադրբեջանցիներն ապօրինաբար հայ մարդ են ձերբակալել՝ անկախ նրանից, թե այդ մարդն ով է, ինչ քաղաքական գաղափարների կրող է, ինչ ուղի է անցել, պետության ու ազգի համար ինչ վաստակ ու ավանդ ունի։ Երբ այս փաստերը համադրում ես ու հետհայացք գցում իշխանական գործողություններից հաճույքով տնքացողների վրա, հասկանում ես, որ 1915 թվականին նույն իրականությունն է եղել՝ տոտալ ատելություն, անտարբերություն, կարեկցանքի բացակայություն։ Էլ ավելի ցավալի է այն իրողությունը, երբ տեսնում ենք, որ այս ողջ վակխանալիային ոչ թե «տակից», այլ բացահայտորեն աջակցում, անգամ ոգևորում է իշխանության քարոզչամեքենան։


Արմեն Հովասափյան