Foto

«Պոստ ֆակտում» պետք է գործենք. Եղիշե Կիրակոսյանը՝ Ադրբեջանի «սև ցուցակում» ընդգրկվածների ձերբակալումների մասին

Հայաստանը կփորձի հնարավոր իրավական միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի կողմից կամայական ձերբակալությունները կանխարգելելու ուղղությամբ։

Այդ մասին այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանցիների կողմից գերեվարվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդայանը, որին մեղսագրվում են անհեթեթ մեղադրանքներ, իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել եւս 5 հոգու գերեվարման մասին, որոնցից, այս պահի դրությամբ, միայն երեք ուսանող է վերադարձվել։ Հայտնի է, որ Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, որոնց մեջ ներառված են Արցախի հանրապետության կայացման գործում դերակատարում ունեցած անձինք՝ պահանջելով իրեն հանձնելք։

Ե.Կիրակոսյանն այսօր նշել է, որ որոշակիորեն ծանոթ է այդ ցուցակին, բայց գուցե կան մարդիկ, որոնց մասին դեռ տեղյակ չէ
Հարցին, թե երեկվա ձերբակալումից հետո, արդյո՞ք պաշտոնական Երևանը փորձում է ձեռք բերել կամ ստանալ այդ ցուցակն ամբողջությամբ՝ նա նշեց, որ առայժմ միայն կարող են ենթադրել, թե որ խումբ անձանց մասին է խոսքը։ «Ամեն դեպքում՝ այդ ուղղությամբ էլ հետևողական կլինենք»։

Հնարավոր չէ՞ կանխարգելել այդ ձերբակալությունները հարցին ի պատասխան Ե.Կիրակոսյանը նշել է, որ չի պատկերացնում, թե ինչպես դա հնարավոր կլինի անել։ «Ավելի շատ «պոստ ֆակտում» պետք է գործենք, բայց թերևս որոշակի միջոցներ կան, որոնց մասին կարծում եմ շուտով կիմանաք։ Կփորձենք հնարավոր իրավական միջոցներն օգտագործել, որպեսզի կանխարգելման ուղղությամբ էլ աշխատենք»։

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի մասով ՄԻԵԴ դիմելուն, ապա Կիրակոսյանն ասաց, որ նրա իրավունքների պաշտպանության երաշխավորման մասով անհատական միջանկյալ ժամանակավոր միջոց պահանջելու դիմում երեկ ուղարկել է դատարան։ «Դատարանից պահանջել ենք երաշխավորել պարոն Վարդանյանի առաջնային իրավունքները, խոսքը կյանքի իրավունքի և խոշտանգման անմարդկային վերաբերմունքի արգելքի մասին է։ Հուսով ենք, որ դատարանը արագ կարձագանքի, ամեն դեպքում՝ կապի մեջ ենք իր հարազատների հետ»։

Անդրադառնալով Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի իրավունքների պաշտպանությանը՝ նա նշեց, որ պետք է ծանոթանա գործին, որից հետո միայն կարող է պատասխանել հարցին, թե արդյոք նրա մասով ևս դիմելու են ՄԻԵԴ։