9 երկրների քաղհասարակության 20 և միջազգային
բնապահպանական-իրավապաշտպան 7 կազմակերպություններ դիմել են ՎԶԵԲ-ին՝ հանքարդյունաբերության
ոլորտում ներդրումները վերանայելու պահանջով։
Քաղաքացիական հասարակության 20 կազմակերպություններ
Ալբանիայից, Հայաստանից, Ադրբեջանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից, Մոնղոլիայից,
Ուգանդայից, Ուկրաինայից և Ուզբեկստանից, ինչպես նաև 7 միջազգային բնապահպանական և
իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են անում Վերակառուցման և զարգացման եվրոպական
բանկին (ՎԶԵԲ) վերանայել իր մոտեցումները հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների
նկատմամբ:
Նրանց կոչին, Ադրբեջանի հետ համատեղ, միացել էին հայկական չորս կազմակերպություն՝ «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը,
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն, «ԷկոԼուր» տեղեկատվական
ՀԿ-ն, «Կանաչ Հայաստան» կրթական, բնապահպանական ՀԿ-ն։
Սեպտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում
Բաքում տեղի էր ունեցել հերթական միջազգային սիմպոզիում, որտեղ ադրբեջանցիները բարձրացրել
են նաև Ողջի ու Արաքս գետերի բնապահպանական թեման։ Բաքվի հաջորդ քայլը ՎԶԵԲ-ին դիմելն
է, որի մասնակից են նաև հայաստանյան ՀԿ-ները։
Սիմպոզիումից հետո Vesti.am հրապարակեց
մի հոդված, ըստ որի` Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Հայաստանի տնտեսությունը և
դրա գործիքը բնապահպանություն է։ Թշնամին սա անում է հետևողական քայլերի միջոցով և
նրանց այս ճանապարհին այս կամ այն կերպ աջակից են դառնում հայ բնապահպանները և բնապահպանական
կազմակերպությունները։
Հոդվածում նշել էինք, որ եթե միջազգային հարթակում Ադրբեջանի հանքարդյունաբերության, մասնավորապես, նավթարդյունաբերության մասին ճշմարտությունը չբարձրացվի, չխոսվի արդեն առկա խնդիրներից և ճիշտը չներկայացվի միջազգային հարթակներին, ապա հետագայում նույն հարթակներում հակառակն ապացուցելն, առնվազն, անհնար կլինի։
Եվ ահա օրեր անց ունենք մի պատկեր, երբ հայ բնապահպանները շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել։
ՎԶԵԲ-ը ներկայում վերանայում է 2024-2028թթ. համար հանքարդյունաբերության ոլորտի իր ռազմավարությունը: Փաստաթղթի նախագծով առաջարկվում է ավելացնել ներդրումները հանքարդյունաբերության մեջ կարևորագույն հումքի՝ «կանաչ» և թվային անցման համար, ինչպես նաև՝ խթանել երկրաբանական ուսումնասիրությունները:
Սեպտեմբերի 15-ին քաղաքացիական հասարակության
կազմակերպություններն առաջարկություններ են ներկայացրել ՎԶԵԲ-ի հանքարդյունաբերության
ռազմավարության վերաբերյալ՝ պահանջելով վերանայել այս ոլորտում ներդրումային մոտեցումը,
մասնավորապես.
– Առաջնահերթություն տալ շրջանաձև տնտեսության
մեջ ներդրումներին, այլ ոչ միայն՝ հանքարդյունաբերությանը
– Կենտրոնանալ նյութերի բնապահպանական
հետքի ազդեցության նվազեցման և վերամշակման խթանման վրա
– Ապահովել, որ հանքարդյունաբերության
ոլորտում ներդրումներ չկատարվեն այն երկրներում, որոնք չեն պահպանում բնապահպանական
օրենքները
– Սահմանել հանքարդյունաբերության համար
արգելված տարածքներն ու արգելված տեխնոլոգիաները.
– Երաշխավորել բնիկ ժողովուրդների նախնական
իրազեկված համաձայնությունը և բոլոր շահագրգիռ համայնքների համաձայնությունը
– Շոշափելի օգուտներ տրամադրել տեղի
համայնքներին այն երկրներում, որտեղ գործում է ՎԶԵԲ-ը:
Հետաքրքիր է, եթե հայ բնապահպանները
կամ բնապահպանական կազմակերպությունները նման հայտարարություն անեին, որն ուղիղ ազդեցություն կարող էր ունենալ
Ադրեջանի տնտեսության վրա, ապա ադրբեջանցի բնապահպանները կմիանայի՞ն, թե՞ ամեն գնով
կջանային խափանել այդ նախաձեռնությունը։
Ուշագրավ է, որ այս ամենն արվում է
հայ մարդու կողմից, ում աչքի առաջ հիմա հայաթափվում է հայկական Արցախը, և որին, հենց սկզբում, ձեռնամուխ եղան ադրբեջանցի բնապահպանները՝ փակելով Լաչինի միջանցքը։









