Foto

Բաքվի հերթական ամենաթողությունն անպատասխան թողնելը, միջազգային հարթակներում տպավորություն է ստեղծում, իբր Բաքուն ճիշտ է

Oրերս Բաքվում տեղի ունեցած հերթական միջազգային սիմպոզիումի ժամանակ ադրբեջանցիները բարձրացրել են նաև Ողջի ու Արաքս գետերի բնապահպանական թեման: Այս թեզերը շրջանառելու համար Ադրբեջանի իշխանությունը ահռելի ֆինասական միջոցներ է ծախսում և փորձում է միջազգային հարթակներում ցույց տալ, որ Հայաստանում բնապահպանական ծանր խնդիրներ կան, որոնք ազդում են տարածաշրջանի վրա: Թիրախում հիմնակնում հանքարդյունաբերությունն է, այն ճուղը, որը Հայաստանի տնտեսության շարժիչ ուժն է։ Հայաստանում խոշոր հանքարդյունաբերական ընկերությունը՝ ԶՊՄԿ-ն, մշտապես փորձում է անել հնարավոր ամենը՝ էկոլոգիական ստանդարտները պահպանելու համար, իր աշխատանքը կազմակերպել այնպես, որ էկոլոգիական խնդիրներ չառաջանան, սակայն այս ամենը միջազգային կառույցներին պետական և մասնավոր մակարդակով չի ներկայացվում։

Հարևան բռնապետական երկիրը շարունակում է ջանք չխնայել՝ Հայաստանի Հանարապետության ցանկացած ոլորտ թիրախավորելու համար՝ թե՛ ռազմական, թե՛ հումանիտար և թե՛ բնապահպանական առումով։ Իսկ իրական թիրախը տնտեսություն է։ Հանաքարդույանբերական ընկերությունների մեծ մասը մշտապես խոշոր հարկատուների ցանկում են, իսկ ԶՊՄԿ-ն կա՛մ գլխավորում է ցուցակը, կա՛մ էլ երկրորդ հորիզոնականում է։

Ադրբեջանն ինքը բնապահպանական լուրջ խնդիրներ ունի, հատկապես նավթարդյունաբերական ոլորտում, սկայն մեր բնապահպանները նույն  ջանասիրությամբ, ինչ Ադրբեջանի բնապահպանները, չեն բարձրաձայնում այնտեղ տիրող իրավիճակի մասին։ Հակառակը՝ որոշ հայ բնապահպանների թեզերը ցիտելով է Ադրբեջանը մեղադրում Հայաստանին։ Ոմանք էլ ասում են, որ մենք կզբաղվենք մեր բնապահպանական խնդիրներով, իրենք էլ՝ իրենց։ Բայց էականն այն է, որ Ադրբեաջնն, իր բազմաթիվ խնդիրներ թողած, Հայաստանի վերաբերյալ կեղծ լեգենդներ է տարածում, իսկ մեր բնապահպանները փաստարկված, հավաստի խնդիրների մասին չեն խոսում։

Բաքվի հերթական ամենաթողությունն անպատասխան թողնելը, միջազգային հարթակներում տպավորություն  է ստեղծում, իբր Բաքուն ճիշտ է, և, երբ բախվենք դրա լրջագույն հետևանքներին, արդեն հակառակն ապացուցելը կա՛մ բարդ է լինելու, կա՛մ անհնարին։

Հեղինակ: Աննա Ավետիսյան