Արցախում կլուծարվեն բոլոր պետական հիմնարկները։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրած հրամանագրում ասվում է, որ որ այս ամենն արվում է ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակից, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից ելնելով։
Պետական հիմնարկները կլուծարվեն նաև հաշվի առնելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ ապահովվում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այդ թվում՝ զենքը վայր դրած զինծառայողների, իրենց գույքով իրենց տրանսպորտային միջոցներով Լաչինի միջանցքով ազատ, կամավոր և անարգել երթևեկությունը:
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո, ծանոթանում է Ադրբեջանի ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում ԼՂ-ում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անհատական որոշում կայացնելու նպատակով, ասված է հրամանագրում։









