Վերջին օրերին
առանց որևէ ձևականությունների և այլևայլությունների Թուրքիայի նախագահը, ԱԳ նախարարը,
թուրքական ողջ մեդիան Հայաստանի տարածքով թուրքական միջանցքը դարձնում են Արցախից հետո
էրդողանական հաջորդ առաջնահերթությունը՝ պատրաստելով ներքին լսարանին և արտաքին ուժերին։
Այս ամենը տեղի է ունենում ՀՀ սահմանին՝ ադրբեջանական զորքի կուտակման, Արցախի հետ
շփման գծում կուտակած զորքը սեպտեմբերի 19-ին գործի դնելու և «Զանգեզուրում պատերազմի
նախապատրաստություն» վերնագրերով հոդվածների ֆոնին։
Ի դեպ, օրերս
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Էրդողանը խոսեց «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին՝
դրանից բխող բոլոր ուղերձներով՝ ընդգծելով, թե՝«մենք սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները՝
հատկապես Զանգեզուրի միջանցքը բացելու մասով»։ Հավելենք, որ այդ պահին նույն Էրդողանի
հովանավորությամբ և թուրքական անօդաչուներով առաջ էր տանում լայնամասշտաբ հարձակումը Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով։ Ավելին,
ագրեսիայից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի չեզոք դիրքն արձանագրվեց գործնականում, սեպտեմբերի
21-ին եղավ Էրդողանի նյույորքյան երկրորդ հայտարարությունը, որում նա կրկին լիովին
արդարացրեց Արցախի հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիան՝ հավելելով, թե այն ուղղված չէր Փաշինյանի
և Հայաստանի դեմ։
ՄԱԿ-ի Գլխավոր
ասամբլեայում՝ Էրդողանի ելույթից 4 օր անց՝ սեպտեմբերի 23-ին, ելույթ ունեցավ Հայաստանի
ԱԳ նախարարը։ «Այսպես կոչված՝ «միջանցքային տրամաբանությունը», որն առաջ է քաշվում
Բաքվի և նրանց թաքնված ու բացահայտ հովանավորների կողմից, ուղղված է Հայաստանի ինքնիշխանության
և տարածքային ամբողջականության խաթարմանը և նրա տարածքային պահանջների արդարացմանը:
Նրանց ստեղծած
խոսույթը, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետ մեկտեղ, ինչպես Հայաստանի Հանրապետության,
այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, ցույց է տալիս, որ հաջորդ նպատակը կարող
է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը, միջանցք, որը կանցնի
Հայաստանի տարածքով, բայց դուրս կլինի մեր վերահսկողությունից»-հայտարարեց Արարատ Միրզոյանը՝
հավելելով, որ սա պետք է անընդունելի լինի միջազգային հանրության համար։
Բաքվի սեպտեմբերյան
վերջին ագրեսիային, Հայաստանին՝ ՀՀ տարածքով թուրքական միջանցքի մասին Թուրքիայի ԱԳ
նախարարը նոր հայտարարություններ էր արել Նյու Յորքում ՄԱԿ -ի ԳԱ նիստից և ԱՄՆ պետքարտուղարի
հետ հանդիպումից հետո։«Մեր որոշ արևմտյան դաշնակիցներ Հայաստանին ուղղորդելիս պետք
է ավելի ճշգրիտ խորհուրդներ տան։ Հակառակ դեպքում, դրսից տրվող խորհուրդներն ու աջակցությունը,
որոնք համահունչ չեն տարածաշրջանի իրականությանը, ցավոք, լուծումների փոխարեն ավելի
շատ քաոս ու արցունքներ են բերում», -հայտարարել է Հաքան Ֆիդանը։
Այստեղ շատ կարևոր
է փաստել, որ Թուրքիայի հետախուզության նախկին ղեկավարը, որն ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնեց
նախագահի պաշտոնում Էրդողանի վերընտրությունից հետո, և ունի Էրդողանի պատերազմների
համար պատրվակներ գտնողի համբավ, առավել ընդգծել է «Զանգեզուրի միջանցք» կոչվածի շուրջ
էրդողանական վերջին շեշտերը: Ընդ որում, փաստացի իրար կապելով այն, ինչ եղավ Արցախում,
և այն, ինչ կարող է լինել Հայաստանի տարածքում։ Միջանցքի մասին սկսում է խոսել, երբ
նրան հարցնում են Արցախում Բաքվի ագրեսիայի մասին։
Շատ առանցքային
է նաև այն դրույթը, որ այս փուլում թուրքական մեդիան գուժում է իրական պատերազմի ուղղությունը։
Մասնավորապես,Թուրքիայի խոշորագույն թերթերից Türkiye-ն «Զանգեզուրում պատերազմի նախապատրաստություն.
Իրանը և Հայաստանը զորքեր են կուտակում» վերնագրով գրում է, թե Արցախից դուրս եկող
հայկական ուժերը կուտակվում են Սյունիքում՝ թույլ չտալու թուրքական միջանցքի բացումը։
Ընդ որում, հայկական ուժերը պարբերականում նշվում են որպես «ավազակախմբեր»․ ի դեպ,
այս եզրն առավել հայտնի է ցեղասպանության
պատմությունից՝ Օսմանյան կայսրությունը բանտերից ազատել էր ավազակներին ու կազմել ավազակախմբեր՝
չեթեներ, որոնք էլ իրագործում էին հայերի ցեղասպանությունը։ Ավելին, թուրքական թերթն
անգամ նշում է. «Ըստ հետախուզական տվյալների՝ իրական մեծ պատերազմը տեղի է ունենալու
Զանգիլան-Զենգեզուր առանցքի վրա»։
Մեկ այլ՝ Թուրքիայի
ամենահայտնի թերթերից Sabah-ը՝ «Ղարաբաղից հետո Զանգեզուրի հերթն է» վերնագրով, գրում
է.«Նախիջևանից հետո, այսպիսով, Ղարաբաղը նույնպես դարձավ Ադրբեջանի տարածք։ Հիմա բոլոր
հայացքները կուղղվեն դեպի Զենգեզուր։ Քանի որ քաղաքական վճռականությունն ու ռազմական
խելամտությունը շարունակելու պարագայում, անխուսափելի է, որ Զանգեզուրի՝ ավելի քան
մեկ դար ձգվող կարոտը կարճ ժամանակում կավարտվի։ Թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ փոփոխվող
կոնյունկտուրայի, թե՛ աշխարհաքաղաքական դետերմինիզմի առումով»։ Իսկ TRGTHaber լրատվամիջոցը
«Զանգեզուրի միջանցք» թեմային անդրադարձին կցել է քարտեզ, որում «Զանգեզրուրի միջանցք»
գրել են ամբողջ Սյունիքի վրա։ Թեման ներկայացնում են՝ դիտարկելով իրանական ֆակտորը։
Ամփոփելով՝ հավելենք
նաև, որ Հայաստանի տարածքով միջանցք ստանալու պատրաստությունների գլխավոր ակորդը՝ Էրդողանը,տվեց
սեպտեմբերի 25-ին Իլհամ Ալիևի հրավերով՝ մեկնելով Նախիջևան։ Նշենք, որ հանդիպմանը քննարկվելու
է «Զանգեզուրի միջանցքը», որով Ադրբեջանը պետք է ցամաքային կապ ստանա Նախիջևանի և Թուրքիայի
հետ։ Չնայած այս ամենին, այսօր Ալիևի խորհրդական Հաջիևը հայտարարել էր, թե «Բաքուն
մտադիր չէ ՀՀ ինքնիշխան տարածքում ուժով միջանցք բացել՝ դա Ադրբեջանի օրակարգից դուրս
է»։
Արմեն Հովասափյան









