Մի պահ եկեք պատկերացնենք,
որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, թեև վերջին հնգամյակում Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց Ռուսաստանին Հայաստանի հետ թշնամացնելու համար։
Թերևս բոլորս ենք հիշում,
թե ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ին, հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջևանի հատվածում
խոցվեց ՌԴ Մի-24 ռազմական ուղղաթիռը: Խոցումից երեք ժամ անց Բաքուն ներողություն խնդրեց
ռուսական կողմից այս դժբախտ պատահարի համար, հայտարարեց, որ եղածը պատահականություն
էր և ուղղված չէր ՌԴ դեմ։ Ավելին, Ալիևը 2023-ի սեպտեմբերի 20-ին Արցախի տարածքում
Ճանկաթաղ գյուղի մոտակայքում սպանել է ռուսական խաղաղապահ զորախմբի հինգ ծառայողի։
Դիտակետից վերադարձող խաղաղապահների մեքենան հայտնվել է կրակի տակ, ոչ ոք չի փրկվել։
Դեպքից մեկ օր անց՝ սեպտեմբերի 21-ին, ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում Ալիևը ներողություն
խնդրեց կատարվածի համար։
Ըստ էության, Ալիևը չխորշեց
երկու անգամ ի տես աշխարհի ներողություն խնդրել Ռուսաստանից իր «սխալ» գործողությունների
համար և դա այն Ալիևը, որը վայելում է Թուրքիայի անթաքույց հովանավորությունը․ ի դեպ՝ բոլորովին բացառված չէ,
որ դիվանագիտական այս խոհեմությունը Ալիևին հուշել է հենց Ռեջեփ Էրդողանը։ Բացի ներողությունից,
Ալիևը քաղաքական կարևորագույն ռեվերանսն արեց Մոսկվային։ Սեպտեմբերի 19-ի պատերազմական
գործողություններից հետո՝ դիմելով Ադրբեջանի ժողովրդին, Իլհամը նաև քաղաքական հայտարարություն
արեց՝ ուղղված Մոսկվային, որը կարելի է անվանել անգամ հավատարմության երդում։
Իր խոսքում նա ընդգծել
էր․ «Առաջարկում
ենք այն ուժերին, որոնք հեռու են մեր տարածաշրջանից, բայց հետապնդում են իրենց քաղաքական
օրակարգը և հայ ժողովրդին օգտագործում, շահագործում են որպես գործիք, հանգիստ թողնեն
մեզ։ Նրանք, ովքեր նստած են աշխարհի մյուս կողմում և մեր հասցեին անհիմն մեղադրանքներ
են հնչեցնում, թող մեզ հանգիստ թողնեն և թույլ տան, որ Հարավային Կովկասն ազատ շնչի»։
Այլ կերպ ասած՝ նա մի կրակոցով խոցեց երկու նապաստակ՝ Մոսկվայում և Թեհրանում։
Եկեք նայենք, թե ինչ է
անում Փաշինյանը․ ի հեճուկս Բաքվի մշակված ու հաշվարկված այս քաղաքականությանը,
Երևանում Նիկոլը ոչ միայն չի ընդունում, որ իր «Ալմա Աթա» օպերացիայի հետևանքով
ենք հասել այս կետին, ընդ որում, չի ընդունում անգամ, երբ ուղիղ իր երեսին ասում են,
այլև պարզվում է՝ սեպտեմբերի 20-ին, Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում էլ չի
ընդունել, որովհետև ՀՀ Անկախության օրվա իր «շնորհավորանքում» դեռ պնդեց, թե ինքն ու
իր «Ալմա Աթան» ճիշտ են:
Փորձենք հասկանալ այն
հիմքերը, որոնք ուներ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 19-ին՝ Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում
իրականցնելիս։ Առաջին՝ Պրահայում Փաշինյանի հետ պայմանավորվածությունից հետո, ըստ որի,
Փաշինյանը, հիմք ընդունելով Ալմա Աթայի հռչակագիրը, Արցախը ճանաչեց Ադրբեջանի տարածք։
Եվ երկրորդ՝ սեպտեմբերի 12-ին Պուտինը հայտարարեց. «Եթե ՀՀ-ն ինքն է ընդունել, որ Ղարաբաղը
Ադրբեջանի մաս է, մենք ի՞նչ։ Ղարաբաղի կարգավիճակը ՀՀ-ն ինքն է որոշել»։ Այսքանից հետո
Ալիևը կարիք անգամ չուներ սպասելու Արցախում խաղաղապահների տեղակայման ժամկետի ավարտին։
Այն երկու ուժերը, որոնք պետք է խանգարեին Ալիևին վերցնել Արցախը, ուղիղ հայտարարեցին,
որ խանգարել չեն պատրաստվում։
Այլ կերպ ասած, Նիկոլի
համար անգամ Պուտինի ուղիղ խոսքը ազդակ չէր մոտեցող արհավիրքի մասին։ Փաշինյանը նույն
օրը Պուտինի արած բոլոր հայտարարություններից շեշտում էր այն մեկը, թե Ռուսաստանի նախագահն
ասաց՝ իր հետ խնդիրներ չունի։ Փաստ է մնում այն, որ Վլադիմիր Պուտինի հետ մեկ հեռախոսազրույցով
Իլհամը կարողացավ «դասավորել իր գործերը», իսկ Նիկոլը՝ ոչ։ Իր այս անհայրենիք գործելաոճով
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ սխալն ընդունել չգիտի, անգամ, երբ զոհերին
նորից հարյուրներով ենք հաշվում։
Տեղի ունեցած այս դժոխքից
ու քաոսից հետո ամբողջ ռուսական մեդիան ու տեղեկատվական տիրույթն ատելությամբ էին խոսում
«անշնորհակալ հայերի մասին», շեշտում՝ Փաշինյանի գործերի, հայտնի զորավարժության և
Փաշինյանի տիկնոջ կիևյան վոյաժի մասին։ Ամփոփելով՝
հավելենք, որ ՀՀ ղեկավարը, անկախ նրանից՝ ով կլինի, պետք է ունենա հաշվարկելու, մանևրելու,
ճիշտ ժամանակին հետքայլ անելու և թշնամիներ չստեղծելու բացառիկ կարողություն։
Արմեն Հովասափյան









