Foto

Ինչո՞ւ են ուսանողները դեմ են քվեարկել ԵՊՀ պրոիշխանական հայտարարության նախագծին

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պրոիշխանական թեզերով հայտարարությունը ԵՊՀ գիտական խորհրդի կողմից չընդունվեց։ Բոլոր սովորող անդամները դեմ են քվեարկել նախագծին»։

Vesti.am-ը ԵՊՀ մամուլի քարտուղար Քնար Միսակյանից փորձեց ճշտել, թե ի՞նչ բովանդակություն ունի հայտարարությունը, որը չի ընդունվել բոլոր սովորող անդամների կողմից: Ըստ մամուլի քարտուրղարի՝ դա հայտարարություն չէ, այլ նախագիծ, որը չի ընդունվել և Գիտական խորհուրդը որոշել է չհրապարակել:

Նկատենք, որ ԳԽ նախորդ հայտարարությունները հրապարակված են ԵՊՀ պաշտոնական կայքում, ինչո՞ւ հենց սա հրապարկված չէ, հայտնի չէ: Բացի այդ ԵՊՀ կանոնադրությունում չհաջողվեց գտնել այն դրույթը, որով կարգավորվում է նման բովանդակության փաստաթղթերի մեծ հրապարակայնությունը:

Vesti.am –ին հաջողվեց գտնել հայտարարության տեքստը, որը խորհրդի 80 անդամներին էլեկտրոնային եղանակով ուղարկվել նախկին իմքայալական պատգամավոր, առաժյմ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից և որը ճնշումների միջոցով փորձել է պատադրել, որ գոնե 41 հոգի հավանություն տա և այն ընդունվի, ապա՝ հրապարակվի ԵՊՀ կայքում:

Հայտարարության բովանդակությունը հիշեցնում է Նիկոլ  Փաշինյանի շաբաթ օրվա ելույթի տեքստը, բացառապես նույն թեզերն են, նույն արատահայտություններն են:

Նկատենք, որ քվերակությունից հետո բերման ենթարկվեցին ԵՊՀ նախկին ՈՒԽ նախագահները և դասախոս Ցոլակ Հակոբյանը, ովքեր դեմ էին քվերակել ԵՊՀ ռեկտորի իշխանությանը հաճոյանալու նախագծին:

Ստորև ներկայացնում ենք հայտարարության նախագիծն ամբողջությամբ.

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ   

2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ շուրջ 10 ամիս տևած շրջափակումից հետո, Ադրբեջանի իշխանությունները, տեսնելով, որ նույնիսկ սովն ու կենսական նշանակություն ունեցող պարենի պակասը չեն կոտրում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ոգին, լայնածավալ ռազմական ագրեսիայի միջոցով և մարդասիրական իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ հարձակվեցին խաղաղ բնակչության վրա։ Հաստատված մարդկային կորուստները, ֆիզիկական ենթակառուցվածքներին հասցված վնասը, ադրբեջանական բանակի ողջ զինանոցի օգտագործումն էլ ավելի խորացրին շրջափակման արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամը։

 

Ադրբեջանական հարձակման նպատակներից մեկն էր նաև Հայաստանին ներքաշել նոր պատերազմի մեջ՝ լեգիտիմացնելու լայնածավալ հարձակումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա ու անվտանգային նոր խնդիրներ ստեղծելու մեր երկրի և ողջ տարածաշրջանի համար։  

Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը,

·         խստորեն դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի նոր ալիքը,

·         քաջ գիտակցելով, որ այդ գործողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ էթնիկ զտման ու ցեղասպանության ծրագրված քաղաքականության իրականացում,

·         հասկանալով, որ ստեղծված իրավիճակը լրջագույն մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության ու անվտանգության համար,

·         քաջ գիտակցելով, որ ստեղծված իրավիճակում մեր հասարակության գերնպատակն է բացառել Հայաստանի ներսում պառակտման ու ներքին անկայունության որևէ դրսևորում,

·         տեսնելով, որ ալիևյան ռեժիմի գործողությունները տեղի են ունենում միջազգային հանրության կողմից հնչեցվող բազմաթիվ կոչերի ու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների անտեսմամբ, կոչ է անում մեր հասարակությանը ստեղծված իրավիճակում լինելու միասնական, բացառելու ներքին անկայունության ու պառակտման որևէ դրսևորում և թույլ չտալու արտաքին ուժերի ապակառուցողական ու վտանգավոր օրակարգերի իրականացումը Հայաստանի ներքին իրադրության համատեքստում, դրսևորելու համերաշխություն ու միասնականություն։

Ստեղծված իրավիճակում մենք պարտավոր ենք թույլ չտալ հասարակության ներքին պառակտում, ատելության խոսքի ու թշնամանքի դրսևորումներ, ինչը հղի է նոր վտանգներով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության համար։

ԵՊՀ գիտական խորհուրդն իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին և իր պատրաստակամությունն է հայտնում իր ողջ կարողությամբ աջակցելու արցախահայությանը համալսարանի կրթական, գիտական, ֆիզիկական և հաղորդակցական ողջ ներուժի չափով։

ԵՊՀ գիտական խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկելու Արցախի հայության պաշտպանության համար, մասնավորապես՝

հավելյալ ջանքեր գործադրելու Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ՝ ապահովելով մարդկանց ու ապրանքների անխափան և անխոչընդոտ տեղաշարժը,

հումանիտար աջակցություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակման ու ադրբեջանական լայնածավալ հարձակման հետևանքների վերացման նպատակով,

ապահովելու միջազգային մարդասիրական ու իրավապաշտպան կազմակերպությունների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում՝ այնտեղ տեղակայելով միջազգային համապատասխան կազմակերպությունների գրասենյակները,

աջակցելու Հայաստանի Հանրապետությանը իր ինքնիշխան տարածքում անվտանգության ապահովման ու հնարավոր ագրեսիայի կանխարգելման գործում։

Մենք կոչ ենք անում միջազգային ակադեմիական հանրության մեր գործընկերներին աջակցելու այս հայտարարության մեջ տեղ գտած պահանջների իրականացմանը և ջանքեր գործադրելու սեփական իշխանություններին մեր կոչը փոխանցելու ուղղությամբ։ Մենք լիահույս ենք, որ մարդկությունն իր զարգացման այս փուլում թույլ չի տա, որ XXI դարի քաղաքակիրթ աշխարհում միջազգային հանրության աչքի առաջ և արտահայտած մտահոգությունների ուղեկցությամբ իրագործվի մարդկության դեմ հերթական հանցագործությունը, տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրերը խեղող հերթական մեծ ողբերգությունը։

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ»:

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան