ԱՆԵՆՔ ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՀԻՄԱ ԵՆՔ ԱՆՈՒՄ
(աբսուրդը մոտեցել է իր գագաթնակետին)
Օրեցօր ավելի շատ հակասական, մեկը մյուսին հակասող ու հերքող լուրեր, վերլուծություններ ու առաջարկություններ ենք լսում։
Նույնիսկ փորձված դիտորդները դժվարանում են քաղաքականության պարադոքսները տարբերել աբսուրդից։ Մասնավորապես - վերլուծաբաններին քարոզիչներից, քարոզիչներին գործիչներից, իսկ գործիչներին՝ գործակալներից։
Իսկ վերջին հաշվով իրականը կեղծից, թացը չորից։
Մինչդեռ ճիշտ ուղի ընտրելու, դրանով շարժվելու, ճանապարհին չսայթաքելու ու ժամանակին նպատակակետին հասնելու համար կարևոր է չխաբվել՝ երբ թվում է, թե բոլորը խաբում են։
Այսպխսի իրավիճակում մարդկանց մի մասը զարմանում է, իսկ մյուսը զայրանում։ Զարմանքից ապշում են, զարույթից՝ խենթանում։ Ապուշների ու խենթերի միջև երկարատև շղթայական ռեակցիան հանգեցնում է թվացյալ, բայց իրականում սինթեզված քաոսի։
Պատկերավոր ասած, խայծը կուլ չտալու համար պետք է իմանալ, թե հմուտ ձկնորսը ինչպես է պղտոր ջրում ձուկ որսում։ Հատկապես, երբ հայտնվել ես ծանծաղուտում ու ջրի հատակն իջնելու տեղ չունես։
(Ինչպես են ջուր պղտորում արդեն ծանոթ ենք)։
Մի փիլիսոփայություն կա, ըստ որի. «Երբ տեսնում ես որ իրավիճակը ձգտում է աբսուրդի՝ օգնիր, որ այն շուտ հասնի աբսուրդի գագաթնակետին։ Քանի որ դրանից հետո այն միայն կարող է նվազել»։
(Հավանաբար ենթադրվում է բացարձակ վերջի բացառումը)։
Քանի որ աբսուրդային իրավիճակն առանց մեզ էլ արագորեն ձգտում է իր գագաթնակետին՝ իմ կողմից ստորև (լուծման կարգով) մի պարադոքս կառաջարկեմ։
Այն առաջին հայացքից ձեզ աբսուրդ կթվա, բայց հաստատ լուծում ունեցող պարադոքս է։
(Իմացողը գիտի, որ պարադոքսները լուծում ունեն, իսկ աբսուրդը «անտրամաբանական» իրականություն է /խաբկանք/)։
Ոչնչի վրա պետք չէ խիստ զարմանալ. Բայց ամեն ինչի վրա խիստ զայրանալ էլ պետք չէ՝ հիբրիդային պատերազմի կիզակետներից մեկում ենք ապրում։
- Պետք է միմյանց ավելի շատ լսենք, քան խոսենք,
- Պետք է ավելի շատ խոսենք, քան անենք,
- Պետք է անենք ավելի շատ, քան հիմա ենք անում։