Foto

Ժոզեպ Բորելը չի արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնության կոչերին․ Նատալի Լուազո

ԵՄ դիվանագիտությունը չկարողացավ արդյունավետորեն արձագանքել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն։
 
«Մենք չկարողացանք կանխել հարձակումը, որը պատրաստվում էր մեր աչքի առաջ», - ասել է Լուազոն Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:
 
Նրա խոսքով՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը չի արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնության կոչերին։
 
«Բարձր ներկայացուցիչը մերժել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի աջակցության Հայաստանի խնդրանքը՝ պատճառաբանելով խաղաղության, ոչ թե պատերազմի պատրաստվելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ Ադրբեջանն ամրապնդեց իր առանց այն էլ ճնշող ռազմական առավելությունը՝ զենք ստանալով, մասնավորապես, Թուրքիայից և Իսրայելից, ինչի վրա մենք աչք փակեցինք»,- ասաց պատգամավորը։
 
Նրա խոսքով, Եվրախորհրդարանը բազմիցս զգուշացրել է, սակայն եվրոպական դիվանագիտությունը անտեսել է այդ նախազգուշացումները։
 
«Այսօր ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, ովքեր կարծում են, որ մեր պասիվությունը «կանաչ լույս» է վառում», - ասել է Լուազոն: