Foto

ՀՀ կառավարության շենքի մոտից ձերբակալվել է 5 անձ. նրանցից 2–ն արցախցի է

ՀՀ կառավարության շենքի մոտ սեպտեմբերի 19–ին զանգվածային անկարգություններին մասնակցելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են Արցախի նախկին բնակիչներ (29-ամյա և 16-ամյա)։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։

«Նրանցից առաջինի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն, կանեփանման զանգված, որի տեսակը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։ Նախնական տվյալներով՝ ձերբակալված անչափահաս քաղաքացին առերևույթ մասնակցություն է ունեցել ոստիկանների ուղղությամբ քարեր, այլ առարկաներ ակտիվորեն նետելու գործողություններին։ Եվս երեք մասնակից ձերբակալվել է՝ սառը զենք կրելու կասկածանքով»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում զննվել է դեպքի վայրը, որի արդյունքում առգրավվել են 50-ից ավելի քարեր, շշեր, երկաթի կտորներ, ոստիկանության համազգեստի և պաշտպանիչ միջոցների կտորներ և այլն։

Ստացվել և ուսումնասիրվել են երկու տասնյակից ավելի տեսանյութեր։ Դրանց արդյունքում արդեն իսկ արձանագրվել և անհատականացվել են զանգվածային անկարգություններին մասնակցող տասնյակից ավելի անձանց կողմից բռնությունների կատարման գործողությունները։ Հետաքննության մարմիններին տրվել է վերջիններիս ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու հանձնարարություն։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Նշվում է նաև, որ զանգվածային անկարգությունների ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 16 ոստիկաններ, ինչպես նաև 26 քաղաքացիական անձինք, որոնց մեծ մասը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

Վնասվել են կառավարության շենքի դռների և պատուհանների ապակիները։ Տուժած անձանց առնչությամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Աղբյուրը՝ Սպուտնիկ Արմենիա