Երեկ ՀՀ կառավարության շենքի և ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա իրականացնող անձանցից 16–ը բերման են ենթարկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«ՀՀ կառավարության շենքի մոտից բերվել է 11 անձ, իսկ ՌԴ դեսպանատան մոտից` 5 անձ»,– ասաց նա։
Գաբրիելյանի խոսքով` քաղաքացիները բերվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված արարքների համար։
Կառավարության մոտից բերված անձանցից 6-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ 5-ը ազատ են արձակվել 182, 1-ը` 172,3 հոդվածներով, մյուս 5-ը նախաձեռնված տարբեր քրեական վարույթներով փոխանցվել են ՔԿ: ՌԴ դեսպանատան մոտից 5 անձինք բերվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով։ Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նրանք ազատ են արձակվել։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբեր 19-ին լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։ Հազարավոր քաղաքացիներ երեկ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ և պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից։ Քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել նաև ՌԴ դեսպանատան մոտ։ Նրանք փակել են դեսպանատուն տանող բոլոր ճանապարհները և պահանջում էին, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը կատարի իր ստանձնած պարտավորությունները Արցախում։









