Անդրանիկ Թևանյանը չի հավատում, որ եթե բանակցային մեկ սեղանի շուրջ նստեն Նիկոլ Փաշինյանը, Ալիևը, Պուտինը և Էրդողանը, կարող է հայանպաստ որևէ բան որոշվել:
«Ցավով պետք է արձանագրեմ, որ այդ դեպքում, փաստորեն, կստացվի, որ Հայաստանի շահերը, այն էլ՝ ռուսական շահերի կոնտեքստում կպաշտպանի միայն մեկ սուբյեկտ, որովհետև Նիկոլ Փաշինյանը ներկայացված է Էրդողան-Ալիև զույգի հետ, ինչպես որ՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում Ալիևն ու Փաշինյանը մի տեսակետ ունեին, որ Արցախը Ադրբեջանին էր պատկանելու և ՌԴ-ն, որն միջանկյալ տեսակետ ուներ, փաստորեն միայնակ մնաց, այս դեպքում էլ՝ մենք կստանանք մի վիճակ, որ ՀՀ-ն ներկայացուցիչ չի ունենա այդ քառակողմ հանդիպման ժամանակ: Ուշադրություն դարձրեք, որ եթե նախկինում խոսում էին 3+3 ֆորմատի մասին և կարևոր դերակատար Իրանը ներգրավված էր, ապա այժմ պայմանավորվել են նաև Իրանին դուրս մղել տարածաշրջանից: Էրդողանն այժմ առաջարկում է փոխարինել 2+2 ֆորմատով, որտեղ Հայաստանը փաստացի չի ունենա ներկայացուցիչ»,- ասաց Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով սպասվելիք քառակողմ հանդիպմանը:
Թևանյանի խոսքով՝ ներքաղաքական կյանքից Էրդողանին ու Ալիևին դուրշպրտելու համար, Հայաստանում պետք է ընտրություն իրականացվի պատերազմի և խաղաղության միջև, իսկ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է թուրքական և ադրբեջանական օրակարգը, քանի որ անձնական անվտանգության և աթոռի պահպաման խնդիր ունի, այդ պատճառով էլ խաղում է թուրքական դաշտում:









