Հայաստանյան իշխող վարչախումբն անհանգիստ
շարժումների մեջ է․ բանն այն է, որ երկրում ստեղծված օրհասական իրավիճակը, Արցախին
պատուհասած ցեղասպանությունը և աշխարհաքաղաքական ամլությունը հանգեցրել են պատային իրավիճակի,
որտեղից գրեթե անհնար է դուրս գալ։ Այս ամենն ամենափայլունը գիտակցում
է հենց Նիկոլ Փաշինյանը, ով ինքնամոռաց շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը,
քանի որ հետնահանջ չունի․ այդպիսիք են «գեոպոլիտիկ պոկերի» կանոնները։
Փաշինյանը հասկանում է, որ նման վարքագծի դրսևորմամբ
երկար չի «ձգելու», ուստի և բացել է խաղաքարտերը՝ իրականացնելով այն բուն առաքելությունը,
ինչ նպատակով որ նա ՀՀ-ում բռնազավթել էր իշխանությունը՝ տապալելով ողջ պետականությունը։
Վերջին մի քանի շաբաթներին ՌԴ ուղղությամբ տեղի ունեցող «կրակոցները» վկայում են այս
փաստի մասին։ Դեռևս 2018-ին, երբ Հայաստան էր ժամանել ԱՄՆ-ի նախագահի անվտանգության
հարցերով խորհրդական Բոլթոնը, հստակ համակարգային դասավորել էր այն բուն նարատիվները,
որոնց ուղղությամբ պետք է ինտենսիվ քաղաքականություն իրականացներ փաշինյանական ռեժիմը.
այն է՝ ներքին դաշտում գոյություն ունեցող հիմնական քաղաքական խաղացողների լիկվիդացումից (հնարավոր բոլոր տարբերակներով՝ կալանք, ձերբակալություն, երկրից փախուստ, միջազգային
հետապնդում, ընդհուպ՝ անձնապես ոչնչացում), մինչև ՌԴ-ին տարածաշրջանից վտարում։ Սրան
գումարած՝ բոլթոնյան բառերով ասած՝ «պատմական կաղապարներից դուրս գալ», այլ կերպ՝ դառնալ
հավաքական Արևմուտքի մարիոնետը (չմոռանանք, որ Արևմուտքի տարածաշրջանային լիազոր ներկայացուցիչը
Թուրքիան է, ով ամբողջովին մտել է իր դերի մեջ)։
Նիկոլայը հասցրեց նրան, որ այսօր հայ-ադրբեջանական
և Արցախի հարցերով տեղի ունեցող բանակցությունների համար զեկուցում է ուղիղ Էրդողանին՝ ամենայն հավանականությամբ, մանրամասն ու դետալային պատմելով տեղի
ուենցող գործընթացների բոլոր մանրամասները, ինչու ոչ՝ նաև «խորհուրդներ» լսում։
Որ այսօր Հայաստանը փորձում է խաղալ մի քանի լարի
վրա՝ պարզ է անգամ շարքային տաքսիստին, իսկ փաշինյանական անհասկանալի ու անբովանդակ պնդումները, բացահայտ հակառուսական, հաճախ
շատ կոշտ ձևակերպումներով, թեզերի գեներացումը ոչ միայն ֆիքսվում են ՌԴ կողմից, այլ, ակնհայտ է, որ առաջիկայում դրա ուղղակի հետևանքներին ենք ականատես դառնալու։
Այս աջաբսանդալի կուլմինացիան վերջին օրերին տարբեր
հարթակներում շրջանառվող այն տեղեկություններն են, թե «ՌԴ-ն Հայաստանում հեղափոխություն
է նախապատրաստում», և այդ տեղեկությունները «հավաստիացնելու» նպատակով «արտահոսք» անում
«վագներականների» առկայության մասին։ Բացի դրանից, իշխանական սազանդարներն իրենց հերթին
փորձում են «սև կատուներ» փնտրել, տարբեր գործիչների ու քաղաքական ուժերի թիրախավորել՝
նրանց մեղադրելով տարբեր պրիմիտիվ մեղադրանքներով։
Պարզ է մի բան՝ Փաշինյանի ոտքերի տակից հողը փախել է, նա դա
զգում է սեփական ռունգերով և, քանի որ ատամներով կառչած է սեփական աթոռակից, ամեն ինչ
ու ամեն քայլ անելու է՝ փրկելու անձնական կաշին։
Արմեն Հովասափյան









