Foto

Եթե Վլադիմիր Պուտինը գա Հայաստան, նրան կձերբակալե՞ն, թե՞ ոչ․ Գրիգոր Մինասյանը պարզաբանում է

Հռոմի ստատուտի վավերացման նախագիծը ներկայացվել է շատ ավելի վաղ, քան Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշումը։ Ստատուտի վավերականացումը միտված է միայն Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմամբ։ Դա մեր պետական շահին է ուղղված, ուրիշ ոչինչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Այն հնարավորություն է տալիս միջազգային քրեական դատախազական և դատական համակարգին՝ ՀՀ-ի հանդեպ իրականացված, օրինակ, ռազմական հանցագործությունները քննել և վերհանել։ Դա շատ լավ պաշտպանողական և քննչական գործիք է, որից չօգտվելն ափսոս կլինի»,- ասաց Մինասյանը։

Հարցին՝ կան մեխանիզմներ՝ ստատուտը վավերացնելու և դատարանի որոշ որոշումներ, այդ թվում, Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշումը չկատարելու վերաբերյալ՝ Մինասյանը, մեջբերելով Փաշինյանի հայտարարությունը, նշեց, որ իրավական առումով ստատուտն անպայման վավերացվելու է և դա որևէ կապ չունի ՌԴ-ի հետ կապված իրադարձությունների հետ։

Հարցին ուղիղ պատասխան Գրիգոր Մինասյանն այդպես էլ չպատասխանեց։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ Վլադիմիր Պուտինը հիմա ռազմական հանցագործ է, թե ոչ և, եթե գա ՀՀ, նրան ձերբակալելու են, թե՝ ոչ, սակայն այս հարցադրումներին ևս պատասխան չտրվեց։

Աղբյուր` Փաստինֆո