Foto

Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված․ Փաշինյան

Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված։ Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը ՀՀ հետ պետական սահմանի և ԼՂ հետ շփման գծի երկայնքով։ Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է։ Այդ մասին Կառավարության նիստի աշխատանքի մեկնարկից առաջ ասած Նիկոլ Փաշինյանը։

«Նախորդ օրն Ասկերանով մուտք գործած ռուսական մեկ բեռնատարը չի կարող իրավիճակի վրա տեսանելի ազդեցություն ունենալ։ Հայաստանի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը՝ 22 եբռնատարներով, Լաչինի միջանցքից ոչ հեռու՝ Կոռնիձորի մոտ շարունակում են սպասել։ Բեռների մեկ ուրիշ՝ ավելի մեծ քանակություն, գտնվում է մերձակա հատվածում։ Միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին»,-ասաց Փաշինյանը։

Նշելով, թե Հայաստանը դիվանագիտական հնարավոր խողովակներն օգտագործում է ԼՂ-ում ստեղծված հումանիտար աղետը մեղմելու համար, վարչապետը նաև ասաց, որ բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են ԼՂ ներկայացուցիչները և հույս հայտնեց, որ Ստեփանակերտ -Բաքու վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի։

«ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։ Մենք կաշխատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունը։ Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի և միակ լուծւմն է, որ երաշխավորում է մեր տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։ Այսօր նաև այս իմաստով հրատապ է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը»,-նշեց Փաշինյանը։