Արցախում իրադարձությունների պակաս չկա, ավելին, ամենօրյա ռեժիմով հերթական զարգացումներն
են տեղի ունենում, որոնք իրենց մեջ ոչ միայն քաղաքական, այլ արդեն տևական ժամանակ է՝
աշխարհքաղաքական բաղադրիչներ են պարունակում։ Ըստ էության, անզեն աչքով էլ տեսանելի
է, որ գեոպոլիտիկ շահերի բախման կենտրոնը տեղափոխվել է Արցախ, և Արևմուտք-Ռուսաստան
հակամարտությունը փաստացի իր արտացոլումն է գտնում Արցախում տեղի ուենցող գործընթացներում։
Գաղտնիք չէ, որ շուրջ երեք ամիս է, ինչ ամբողջովին մեկուսացած Արցախ ոչ մի սնունդ,
դեղորայք, ինչպես նաև՝ առաջին անհրաժեշտության կենսական նշանակության պարագաներ չեն
մտնում, և այնտեղ օրը ցերեկով ցեղասպանություն է իրականացվում։
Սա, որքան էլ դաժան է ու սահմռկեցուցիչ, բայց իրականություն է: Սակայն, միջազգային
հանրություն կոչվածը, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, լռում է կամ այնպես
է իրեն պահում՝ ասես թեմայի մեջ է, բայց գործնական ու կիրառելի ոչ մի շարժ ու գործողություն
չկա։ Դրա փոխարեն՝ ամենօրյա ռեժիմով ամպագորգոռ բառեր ու դիֆերամբային հայտարարություններ,
կոչեր, հորդորներ, այ սրանց պակասն ընդհանրապես չունի արցախցին։ Այո՛, արցախցին այսօր
հաց չունի, բայց ունի կոչա-հորդորային աջակցություն, որը հայ իրականության պատմության
մեջ դեժավյու է առաջացնում։ Ցավոք, այս երևույթի հետ մենք առերեսվել ենք քանիցս, երբ
կուրորեն հավատացել ենք, բայց ստացել արհամարհանք։ Հատկանշական է այն, որ այս գեոպոլիտիկ դասավորությունն իր անմիջական արտացոլումն է գտնում նաև ներարցախյան գործընթացների
վրա, քանի որ դրանք փոխկապակցված են։ Մինչև սեպտեմբերի 9-ը, երբ Սամվել
Շահրամանյանը Արցախի ԱԺ կողմից ընտրվեց Արցախի հանրապետության 5-րդ նախագահ,
Արցախում գերլարված ու պայթյունավտանգ ներքաղաքական լարվածություն էր, քանի որ պղտոր
ջրում ձուկ որսացողների ու արհեստական ինտրիգներ փնտրողների պակաս չկար։ Մասնավորապես,
ՀՀ իշխանությունները, Արցախում ներդրված «սորսականները» փորձում էին հնարավորինս խորքային
«շիլա» սարքել և ամեն ինչ տապալել։ Ի դեպ, այս գործընթացում չենք կարող չարձանագրել
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանին, ով ագրեսիվ Բաքու-պաշարված և արնաքամ
Ստեփանակերտ մեն-մենակ, ուղիղ խոսելու ջատագով է, դեմ չէ Աղդամի ճանապարհին: Ավելին,
Արցախ տեղափոխված Արևմուտք-Ռուսաստան բախման մեջ ներկայացնում է Արևմուտքը, պարբերաբար
հարցազրույցներ է տալիս Ազատություն ռադիոկայանին: Նշենք, որ դեռևս օգոստոսին իր հարցազրույցներից
մեկի ժամանակ Բաբայանը նշել էր. «Ադրբեջանն ասում է՝ Աղդամից ճանապարհ, մենք ասում
ենք՝ Աղդամից և Գորիսի կողմից պետք է ճանապարհները բաց լինեն, որ մարդիկ կարողանան
շփվեն և կարողանան լուծել այն խնդիրները, որոնք կան»: Դրանից բացի, Բաբայանը շարունակ
պնդում է այն թեզը, թե թշնամու հետ երկխոսելու համար Արցախին երրորդ կողմ պետք չէ.
«Երրորդ կողմին բերում ենք, որ իր հարցերը մեյդա՞ն բերի: Աղդամով չենք ասում ճանապարհ
տրամադրվի, Աղդամի հետ սահման ունենք, մի շարք խնդիրները կլուծենք հենց սահմանի բերանին:
Բաքուն ասում է՝ առևտուր արեք մեզ հետ, ես էլ ասում եմ՝ ստիպողական չի լինի, պետք է
նստենք, խոսենք: Շահավետ չէ Արցախի համար, որ Ադրբեջանի հետ առևտուր իրականացվի, բայց
ստեղծված իրավիճակում պետք է ելք գտնել: Ասկերանի շրջանի սահմանի բերանին մենք կկարգավորենք
մեր հարցերը, պետք է բանակցենք՝ իրենք իրենց առաջարկն անեն, մենք՝ մերը, ամեն ինչ չեմ
կարող բաց ասել»,- ասել էր նա: Ընդգծենք, որ Բաբայանին դիմադրող պրոարցախյան ուժերը,
որոնց ներկայացնում են ԱԺ նախագահ ընտրված Դավիթ Իշխանյանը և պետնախարար նշանակված
և նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը, պնդում են, որ Բաքվի հետ ուղիղ երկխոսությունը
և Աղդամի ճանապարհն ունեն երկու հստակ նպատակ՝ սկսել Արցախի Ադրբեջանի կազմում ինտեգրելու
գործընթացը և ցույց տալ միջազգային հանրությանը, թե Արցախն Ադրբեջանի ներքին գործն
է:
Արմեն Հովասափյան









