Նման անհասկանալի ու անելանելի իրավիճակներում մենք քիչ են հայտնվել, նման անօգնական ու ջախջախված վիճակում երբեք չենք էլ եղել, ընդհուպ՝ նախորդ դարասկզբին։ Կարծում եմ շատերը կհամաձայնեն, որ հայաստանյան իրականությունն այս աստիճանի բարոյալքված ու կրավորական չի եղել տևական ժամանակ, բայց համախմբման ու մեկ օրակարգով շարժվելու մասին հայտարարություններն ու կոչերն արժանանում են կամ հեգնանքի կամ իշխանությունների կողմից կազմակերպված տոտալ ինֆորմացիոն գրոհի։ Ակնհայտ է մի բան․ սթափվելն ու իրավիճակի հստակ գնահատումն այլընտրանք չունի։ Իրադարձությունների այսպիսի գլխապտույտը, ինչը վերջին օրերին տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանագծում, վկայում են վերը նշվածի և մոտալուտ պայթյունի մասին։ Հայ-ադրբեջանական սահմանի բազմաթիվ հատվածներում և արցախաադրբեջանական սահմանին ադրբեջանական զորքերի կուտակումները կրկին մեծացրել են հնարավոր պատերազմի սպառնալիքը։ Թեև տեղեկատվական այդ հոսքերին առաջին արձագանքը շոկային է ու տագնապային, սակայն պատերազմի վերսկսման ռիսկն ամենևին անկանխատեսելի ու անսպասելի չէր ու չէ բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են՝ ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, ինչ իրական նպատակներ են հետապնդում Ադրբեջանը, Թուրքիան և հարավկովկասյան սեգմենտում կոնկրետ շահեր ունեցող գեոպոլիտիկ բևեռները։ Շատ կարևոր է արձանագրել, որ ստեղծված «գեոպոլիտիկ բորշի» մեջ իր մասնաբաժինն ունի նաև ՀՀ հակահայկական իշխանությունը, ով, իր որդեգրած հակապետական քաղաքականությամբ, ամբողջությամբ սպասարկում է ադրբեջանա-թուրքական տանդեմի շահերը և դարձել է նրանց հլու կամակատարը։ Բացի այն, որ ամեն ինչ արվում է բնական ու ռազմավարական դաշնակցային հարաբերությունները փոշիացնելու համար, մյուս ձեռքով էլ գոյություն ունեցած հարաբերությունների փշրանքերն է անդառնալիորեն ջախջախվում։ Ավելին, վերջին օրերին տեղի ուենցող հակառուսական հռետորաբանությունը, որը տարբեր առիթներով կիրառվում է իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից, դրան գումարած՝ ՌԴ-ից հնչող կոշտ պատասխանները, խոսում են այն մասին, որ ամեն ինչ մտնում է փակուղի և հստակ գծեր դնելու ժամանակն է։ Թերևս, դա տրամաբանական է, քանի որ տևական ժամանակ կուլուարային բամբասանքների ու անդրկուլիսային հոխորտանքների օրերն անցել են, և եկել է «քարերը հավաքելու» ժամանակը։
Նախօրեին տեսանք, թե ինչ ոգևորվածությամբ
և ինքնամոռաց գլխապտույտով էր Փաշինյանը զանգահարում աշխարհի հզորներին և փորձում ներկայացնել
Ադրբեջանի կողմից իրականցվող քաղաքականության տարբեր դրույթներ։ Նա մեկ օրվա մեջ զանգահարեց՝
Մակրոնին, Շոլցին, Ռաիսին, խոսեց Բլինքենի հետ, բայց գետնի վրա ոչ մի տեղաշարժ.․ սահմանին լարվածությունը շարունակում
է մնալ առկախված, Արցախը՝ սոված, իսկ ՀՀ-ն՝ անպաշտպան ու թշվառ։ Ըստ էության՝ Փաշինյանը ցայտնոտի մեջ է, հստակ գիտակցում է, որ աշխարհաքաղաքական օրակարգում ինքն ուղղակի չկա, բայց փորձում է տարբեր ջղաձգումներով իր կենդանության ու գոյության մասին հիշեցնել՝ չհասկանալով,
որ ինքն ուղղակի փոշեհատիկ է, ում վաղուց մաքրել են սեղանից։
Արմեն Հովասափյան









