Foto

Արցախի ԱԺ-ն հատուկ փակ նիստ է անցկացնում․ նոր նախագահի ընտրություն է

Արցախի Հանրապետության ԱԺ-ն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի նոր նախագահ ընտրելու հարցով հատուկ փակ նիստ է անցկացնում։ 

Նշենք՝ նախագահի միակ թեկնածուն Սամվել Շահրամանյանն է, որին միաձայն առաջադրել են Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները։ Արցախի ԱԺ «Միացյալ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Սամվել Բաբայանի թեկնածությունը, սակայն նրանց դիմումը մերժվել է:
Սամվել Բաբայանը կոչ է արել այսօր հավաքվել Ստեփանակերտի հրապարակում եւ թույլ չտալ, որ «մի քանի հոգի ԱԺ-ում նախագահ փոխեն»: «Եթե Արցախի հասարակությունը դուրս չգա փողոց այս ամբողջը լուծելու, մենք կործանվելու ենք հավերժ, ես դա գիտեմ: Հանրապետության նախագահին երեք հոգով չեն որոշում ու նշանակում: Ժողովուրդը պետք է դուրս գա, հրապարակում ընտրի իր լիդերին եւ ասի՝ էս մարդն է լինելու նախագահը»,-ասել է Բաբայանը:

Նախօրեին հայտարարություններով են հանդես եկել Արցախի ԱԺ նախագահը, Արցախի նախագահի աշխատակազմը, ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, որոնք կոչ են արել հանրությանը չտրվել սադրանքների եւ դուրս չգալ փողոց՝ հիշեցնելով, որ Ռազմական դրության մասին օրենքի դրույթների համաձայն հավաքներն արգելված են Արցախում:

հրապարակում այս պահին փոքրաթիվ ցույց է տեղի ունենում: