Պոպուլիզմն
իր քաղաքական տեսլականը հռչակած և մշտապես դեմագոգիկ թեզեր տիրաժավորող փաշինյանական
կառավարության համար կոնֆորտ է մանևրել տգետ և անկիրթ հանրության հետ։ Բնական է, որ
Փաշինյանը փորձում է իր իշխանությունը հնարավորինս ձգելու նպատակով անել հնարավոր ամեն ինչ, այդ թվում՝ հասարակության դեգրադացիա ու հակազգային
ցանկացած մեթոդ։ Դրա համար ամենախոցելի սեկտորն, իհարկե, կրթությունն է, որտեղ էլ ամբողջ թափով տեղի են ունենում «ռեֆորմներ»։
Նիկոլ Փաշինյանը, դեռևս
իշխանությունը բռնազավթելիս, անընդհատ շեշտում էր «երեխաների լիարժեք կրթություն ունենալու»
փաստը, ընդգծում, որ ՀՀ քաղաքացին պետք է կրթություն ունենա և ստանա խորքային գիտելիքներ։
Թվում է, թե ասվածը անքննելի առանցքային դրույթներ են, որոնք պետք է հանդիսանան ցանկացած
պետության անկյունքարը, քանզի հենց ճիշտ կրթված ու ռացիոնալ գիտելիք ունեցող քաղաքացիներն
են հանդիսանում պետության գոյության ապագան։ Սակայն, արդյո՞ք Փաշինյանին
պետք են կիրթ ու դատող քաղաքացիներ, քննադատական ու վերլուծական միտք ունեցող երիտասարդներ,
իհակե ոչ։ Նրան օդ ու ջրի նման պետք է իր ասածներին ծափ տվող, իր հակապետական թեզերը
հալած յուղի տեղ ընդունող ամբոխ, որին մանիպուլացնելով՝ կարելի է կառավարել ու իշխել
տասնամյակներ։
Ահա իր, այսպես կոչված, «կրթական բարեփոխումների» ֆոնին էր, որ արագացված ռեժիմով կյանքի կոչվեց «Կրթության
պետական ծրագիրը» և համապատասխան փոփոխությունների ենթարկվեցին կրթական ողջ ծրագիրն
ու դասագրքերը։ Ամբողջովին փոխվել ու «լիբերալիզացվեցին» «Հայոց պատմության», «Հայ
գրականության» դասագրքերը՝ այնտեղից հանվելով ազգային-ազատագրական, Արցախյան շարժման,
Արցախի բանակցային գործընթացի, Հայաստանի առաջին հանրապետության հետ կապված բաժինները՝
դրանք ներկայացնելով յուրովի կամ, որ նույնն է՝ նիկոլիզմի չափանիշներով։ Դրա փոխարեն
լայն բացվածքով, յուրահատուկ շեշտադրմամբ ու հանգամանալից մանրամասներով աշակերտին
են ներկայացվում «Մարտի 1»-ի դեպքերը, «Հոկտեմբերի 27»-ի դրվագները՝ միանշանակ քաղաքական
ենթատեքստեր պարունակող մեկնաբանություններով։
Խոսելով «կրթական բարեփոխումների» և նոր դասագրքերի մասին՝ չենք կարող շրջանցել վերջերս տպված ու դեռևս դպրոցներ չհասած դասագրքերի դեպքին։ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները հայտարարել էին, որ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը պետք է լինեն լրիվ նոր չափորոշիչներով, սակայն կրթական տարվա մեկնարկից անցել է մեկ ամբողջական շաբաթ, բայց դպրոցներում այդ դասագրքերը չկան։ Մինչ այդ, Անդրեասյան Ժաննան մի առիթով հայտարարել էր, թե ամեն ինչ անում են, որպեսզի դասագրքերը ժամանակին, հնարավորինս շուտ հասնեն երեխաներին՝ ընդգծելով, որ դպրոցների հետ պայմանավորվածություն կա կրթական կուրսը էլեկտրոնային տարբերակով առաջ տանելու համար։ Դե մարզային տուրնեների ընթացքում սմարթֆոնները բաժանել են՝ հերիք է: Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, և կարելի է հասկանալ նաև այդ հանգամանքը, սակայն նիկոլական իշխանությունը չէր լինի նիկոլական, եթե այստեղ ևս չունենար իր հակազգայնությունը։
Բանից պարզվում է, որ
օրինակ՝ երկրոդ դասարանի մաթեմատիկայի գրքերը դպրոցներում չկան, սակայն գրախանութներում
դրանք վաճառվում են: Այսինքն, 2-րդ դասարանցիները, ովքեր դեռևս նոր են ադապտացվում կրթական
համակարգին, և օր առաջ գիրք ունենալը պարտադիր է, դպրոցներից գիրք չեն ստանում, իսկ ծնողները
ստիպված են դասագրքերը գնել։
Ինչ վերաբերվում է ուսուցիչների
վերապատրաստմանը և ատեստավորմանը, ապա դա մի ամբողջ էպոպեա է, ինչի մասին կանդրադառնանք
առաջիկայում։
Արմեն Հովասափյան









