Foto

Գրավել Երևանը՝ ցանկացած գնով

Հայաստանն իր անվտանգային ռիսկերով աշխարհի «առաջատար» երկրներից է, քանի որ խաղաղություն քարոզող իշխանությունն ամենօրյա ռեժիմով բերում է պատերազմի վտանգի մեծացման։ Սակայն, ինչպես քանիցս համոզվել ենք տարբեր իրավիճակներում, օրվա իշխանությունը ոչ միայն թքած ունի պետության լինելության վրա, այլև ամեն ինչ անում է, որպեսզի հայաստանյան իրականությունը ցավալի պարտությունների ու անդառնալի կորուստների պակաս չունենա։ Դրա օրինակներից մեկը Երևանի ընտրությունների ֆարսն է, որին ականատես ենք արդեն երկու շաբաթ։ Իշխանական քարոզչամեքենան ամեն ինչ անում է հանրային տիրույթում հնարավոր պատերազմի վտանգի մասին թեզը գեներացնելու համար  ու արդեն վերջին մի քանի օրվա ընթացքում այն տարբեր առիթներով տիրաժավորում է։ Ավելին, իշխող թիմի քաղաքապետի թեկնածուն, հորթային հրճվանքով, հանդիպումներից մեկի ընթացքում ռունգերը ձգած խոսում էր հայկական արտադրության զինտեխնիկայի մասին։ Չէ, իհարկե հաճելի և պարտավորեցնող է, որ հայրենի ռազմարդյունաբերությունը, հնարավոր է, զարգանում է և պրակտիկ կիրառելիություն ստանում, սակայն նման դրվագների մասին, որպես կանոն, չի բարձրաձայնվում՝ հասկանալի բոլոր հանգամանքներն ու ռիսկերը հաշվի առնելով: Հաճախ դրանք ուղղակի շրջանցվում են, ոչ թե դարձնում բերանի ծամոն և ամեն անկյունում 60-ն անց կանանց հոգեբանությանը բնորոշ զավզականում։ Ի դեպ, քարոզարշավը զուգորդվում է ատելության քարոզով, հատկապես իշխանության ու նրա սպասյակ ուժերի ներկայացուցիչների կողմից։ Ընդհանրապես, քարոզարշավներում ընդունված է, որ թեկնածուները քննադատում են միմյանց, հնչեցնում սկանդալային փաստեր կամ մանիպուլյացիոն ու PR տեխնելոգիաների միջոցով տարբեր օպերացիաներ իրականացնում, սակայն այնպիսի «վնգստոց», որին ականատես ենք լինում այս օրերեին՝ դուրս է բոլոր պատկերացումներից։

Պատահական չէ, որ ողջ իշխանական բուրգը, և առաջին հերթին հենց Փաշինյանը, ոտ ու ձեռ են ընկել, քանի որ Երևանը նրանց համար սկզբունքային թեմա է և ամեն ինչ անում են՝ այստեղ միահեծան կառավարում ունենալու համար։ Հենց դրանով պայմանավորված՝ ոչ միայն միացրել են վարչական լծակների ողջ ցանցը, այլ անձամբ մտել են թեմայի մեջ՝ փորձելով քաղել առավելագույնը։ Այս օրերին իշխանության մարզային բոլոր պատգամավորները գտնվում են մարզերում և ակտիվ ընտրական գործընթացների մեջ են։ Սա, ի դեպ, տեղի է ունենում Փաշինյանի ուղղակի ցուցումով, որպեսզի ոչ մի «պռոմախ» չունենան։ Բացի դրանից, իշխանականները պարտավոր են ոչ միայն ստորագրել ներկայացրած ցուցակի տակ, այլև պատասխան տալ վերջնական արդյունքի համար։

Արմեն Հովասափյան