Foto

Ցտեսություն, Արայի՛կ


Երկարատև ու «խորախուրհուրդ» մտորումներից հետո այսօր հրաժարական տվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, մարդ, ով Նիկոլ Փաշինյանի խամաճիկն էր ու ոչ մի ինքնուրույն որոշում չի կայացրել իր նախագահության ողջ ընթացքում։ Նա այդպես էլ դուրս չեկավ Նիկոլի փեշի տակից, ավելին, հլու կամակատարի կեցվածքով ուղղակի կերպով իրականցնում էր Երևանից գնացող հրահանգները, աստիճանաբար կազմաքանդում էր Արցախի ողջ պետական ու քաղաքական համակարգը։

Ըստ էության՝ այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Արցախի ու Հայաստանի հետ, ոչ թե հայրենասիրության պակասի կամ անհայրենիքության, այլ հենց հայրենատյացության դրսևորում է։ Արցախի դեմ Հայաստանի կողմից իրականացվող քայլերի հետևողականությունը, մեթոդականությունն արդեն նույնիսկ կասկածի տեղ չեն թողնում: Դրանց հեղինակներն առաջնորդվում են այնպիսի մոտիվատորներով, որոնք կարող են ծնվել միայն հայրենիքի այդ հատվածի հանդեպ մեծագույն ատելությունից։ Բայց դա միայն Արցախով չի սահմանափակվում, խնդիրը միայն ժամանակի մեջ է, և հայրենատյացության նոր, հնարավոր է՝ ավելի սարսափելի դրսևորումներ դեռ սպասվում են նաև Հայաստանին։

Հայաստանում, մասամբ՝ նաև Արցախում, հավաքվել է հսկայական թիմ, որի ներկայացուցիչներին միավորում է ոչ թե որևէ գաղափար, ծրագիր, հավատամք, մասնագիտական կարողություն կամ գիտելիք, այլ հենց հայրենատյացությունը։ Նրանց բոլորին ղեկավարում է գերագույն գլխավոր հակահայը, որի գործողությունների նպատակը հայրենիքի ու հայկականության հետ առնչվող ամեն ինչին հնարավորինս մեծ վնաս հասցնելն է, հաջողելու դեպքում՝ հիմնահատակ ոչնչացնելը։ Ի դեպ՝ Հարությունյանի հակահայությունը չի ստորադասվում Փաշինյանի հակահայությանը, քանի որ հակահայության և հակապետականության պարագայում հիերարխիա չկա, նրանք բոլորը մեկ զուգահեռ հորիզոնական տիրույթում են գործում և հավասարապես ու հավասարազոր պատասխանատու են տեղի ուենցածի համար։

Հարությունյանի մեղասագործությունների ու արած-չարածի մասին խոսելու, մեկնաբանելու ու գնահատականներ տալու առիթներ կլինեն շատ, սակայն կայացած փաստ է այն, որ նա, ինչքան էլ իր տեքստերում ու լալահառաչ հայտարարություններում խոսում է «Արցախին ծառայելու», «արցախցու կողքին կանգնած լինելու» մասին, միևնույն է, նա լքել է արցախցուն ու նրան խփել թիկունքից՝ աջակցելով Փաշինյանի հակապետական շայկային ու նրանց կամակատարը լինելով՝ շուջ երեք տարի։ Նա ոչ մի անգամ չխոսեց Փաշինյանի՝ Արցախը Ադրբեջանին հանձնելը դատապարտելու մասին, չընդդիմացավ ու չհակաճառեց, երբ նա, ողջ պատերազմի ընթացքում, մոլորեցնում ու խաբում էր հայությանը։ Այլ կերպ ասած՝ Արցախում Փաշինյանի կրկնօրինակն էր, ինչի մասին նա իր հարցազրույցներում բաց տեքստով ասում էր, թե «ինչքան էր ոգևորված 2018-ին, տեղի ուենցող իրադարձությունների օրերին»: Անգամ շեշտում էր, որ եղել է Հանրապետության հրապարակում։ Բոլորս ենք հիշում, թե ինչպես էր ՔՊ շտաբում, ժպիտը երեսին, սուրճ խմում 2021-ի ընտրություններին, երբ տեղի էին ունենում փաշինյանական ազգակործան ընտրությունները։

Ճիշտ է՝ այսօր ՀՀ քաղաքական հարթակում գործող լիբերալ բլոկի սպասարկուների ներկայացուցիչները վայնասուն են բարձրացրել և խոսում են Հարությունյանի շուրջը համախմբվելու և նրան ամեն գնով սատարելու մասին, բայց...

Արայիկի էջը համարում ենք փակված, մնում է հուսալ, որ Արցախի նոր ձևավորվող իշխանությունները խելամիտ կգտնվեն և կկարողանան ճիշտ կազմակերպել ու գնահատել իրավիճակը, ինչի արդյունքում հնարավոր է կլինի հաղթահարել այս ողբերգական ու ու մթին շրջափուլը։

Արմեն Հովասափյան