Յուրաքանչյուր ազգի ու պետության գոյության անկյունաքարային հիմքերը ավանդույթներն ու սովորությունները, այդ թվում առասպելներն ու լեգենդներն են: Հենց սրանք են կազմում այն առանցքը, որը մեկ հավաքական կերպարում ամբողջացնում են տվյալ ազգի համայնապատկերը։ Այն իրականությունը, որում այսօր ապրում է հայ հասարակությունը, ամենանախանձելիներից չէ, քանի որ փշրվում են մեր «պատմական կարծրատիպերը», որի մասին դեռևս 5 տարի առաջ հայտարարել էր ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բոլթոնը, թե պետք է հրաժարվել այդ «պատմական կաղապարներից»։ Ավելին, այսօր հենց հայ հանրության ձեռամբ Նիկոլ Փաշինյանն ազատվում է այդ կաղապարներից՝ հերթով ջարդելով հայ ազգի ավանդապաշտ ու հինավուրց լինելու փաստի մասին պնդումները։ Ասեմ ավելին, նա դա անում է մեծագույն հաճույքով ու աննախադեպ ջանասիրությամբ։ Այս դրույթի կյանքի կոչումը կարևոր է Փաշինյանի նման անհայրենիք կառավարչի համար, քանի որ մոլորեցված հասարակության հետ աշխատելն, ինչ խոսք, հեշտ է, իր դեպքում՝ նաև հաճելի։ Գաղտնիք չէ նաև, որ ավանդույթ չունեցող հասարակությունը չափազանց կառավարելի է և նրանից գործնականում կարելի ստանալ այն ամենը, ինչն անհրաժեշտ է կառավարողներին: Այդ արդյունքն ապահովելու համար ամենևին պարտադիր չէ չգրված կանոնների այդ համակարգից դուրս դնել ողջ հասարակությանը: Բավական է, որպեսզի տաբուներ, սրբություններ, ավանդույթ ու հիշողություն չունենան որոշումներ կայացնողները կամ նրանց հիմնական մասը, այսինքն՝ առաջին հերթին պետության քաղաքական ու բյուրոկրատական վերնախավը: Այսօր Հայաստանում ապրում ենք այդպիսի ժամանակներում։ Մյուս կարևոր դրվագը, որին արդեն լծվել է փաշինյանական թիմը, կրթության ոլորտն է, քանի որ հենց կրթությունն է մարդու դաստիրակության ակունքը և այն դեգրադացնելուց և գլոբալիզմի մեջ ուռճացնելուց հետո շատ ավելի դյուրին է լինելու պետականության ու հայեցիության մխսման իրենց ապազգային պրոյեկտի իրականացումը։ Ամենօրյա արհեստական տեսարաններ, մարդկանց խոսույթում փողոցային ժարգոնի տարածում, նեղ կենցաղային տրամաբանության հեգեմոնացում, իսկ ինչը գաղափարական է ու ազգային` մնում է լուսանցքում։ Մարդկանց հաճելի է տեսնել ասֆալտած մայրուղիներ ու գեղեցիկ կահավորված փողոցներ, հատկապես խոցելի խմբի համար, որոնք հանդիսանում են Նիկոլի իշխանության ողնաշարը, անկյունաքարային է «թոշականպաստային» քաղաքականության միֆը։ Մարդը թքած ունի՝ սահման, անվտանգություն, բանակ... Նրան պետք է կուշտ ստամոքս, ուրիշ ոչինչ։ Պետության ու պետականության հարցերը նման մարդկանց համար ոչ միայն հետաքրքիր չեն, այլ, առաջին հերթին, հասու չեն, նրանք ունեն այլ օրակարգ՝ օրական սննդի ընդունում և տաք անկյուն, մնացածը՝ թքած: Հենց այդպիսի տեսակները ազգ ու կրոն չեն ճանաչում, նրանք կարող են ապրել յուրաքանչյուր դրոշի ներքո։ Այսինքն Փաշինյանի համար ամենանպաստավոր իրականությունն է, երբ մարդը ծափ է տալիս ասֆալտի ու ջրագծի համար, իսկ մոտ 10 ամիս պաշարված ու սովահարության մատնված արցախցուն չեն էլ հիշում։ Նիկոլը հասել է նրան, որ անընդհատ պատերազմի մասին խոսելով՝ «խաղաղություն» կոչված օրակարգը մարդկանց բերանին սարքել է ծամոն, և մարդիկ իրենց ամեն երկրորդ խոսքում նշում են, թե՝ «այ մարդ, կարևորը՝ խաղաղություն ըլնի»։
Ամփոփելով՝ նշենք կարևորը․ այսօր Հայաստանի աղետալի ընթացքը կասեցնելու համար, ի թիվս բազմաթիվ անհրաժեշտ քայլերի, պետք է վերականգնել տաբուների, սրբությունների, ավանդույթների համակարգը, սա զուտ իրավիճակի հրամայական է։
Արմեն Հովասափյան









